Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-fNxIOfPQJn
A A
Պաշտոնական

Ներքին Գետաշենում նորածին երեխայի հայտնաբերման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկի մոտ մանկահասակ երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ հուլիսի 22-ի առավոտյան ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)։
Հաղորդումն ստացվելուց և վարույթ նախաձեռնվելուց հետո, նույն օրը, երեկոյան, Մուրացան հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ տեղափոխված ընկեցիկ երեխան՝ նորածին տղան, մահացել է։
 
Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։
 
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Մարտունու համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Սուրբ Խաչ թաղամասի տներից մեկի բնակչուհին հուլիսի 22-ին՝ ժամը 10,20-ի սահմաններում, իրենց տան արևմտյան հատվածի հողաթմբի վրա նկատել է թափառող շների։ Հավաքված շներին հեռացնելու նպատակով քար է նետել նրանց ուղղությամբ և մոտենալով նկատել, որ հողաթմբի վրա դրված է դեղին գույնի պոլիէթիլենային պարկ։ Բացելով պարկը՝ նկատել է, որ դրանում շորով փաթաթված նորածին է։ Զգալով, որ նորածինը ողջ է՝ անմիջապես տարել է տուն և դիմել ոստիկանությանը։
 
Քրեական վարույթով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է նորածնի հագուստը, և պարկը։
 
Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում նորածնի ծնողներին հայտնաբերելու, կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով հանձնարարություն է տրվել Ոստիկանության Մարտունու բաժնին, նաև հարցումներ են ուղարկվել բուժհաստատություններ։