Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 13.07.
A A
Սպորտ

Այսօր ՝ Կոնֆերենցիաների լիգա. հայկական թիմի մրցակիցը ադրբեջանցի ֆուտբոլիստ է ձեռք բերել

 

Հայաստանի ֆուտբոլի երեք ակումբներ այսօր կսկսեն պայքարը ՈւԵՖԱ-ի Կոնֆերերնսիաների լիգայի 2023-24թթ խաղարկությունում:

ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի անցած առաջնության փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» Աբովյանում կհյուրընկալի էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին»: Մեր թիմի մրցակիցն այժմ իր երկրի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ տեղը: Վերջին երեք խաղերում «Նարվա Տրանսը» պարտություն է կրել, ընդ որում 0:10 ընդհանուր հաշվով: Թիմն անհաջող է հանդես եկել նաև եվրոպական ասպարեզում: Նարվա քաղաքը ներկայացնող ֆուտբոլային ակումբը 2001 թվականից սկսած ոչ միակն չի կարողացել հաղթահարել որակավորման առաջին փուլը, այլև բոլոր խաղերում պարտություն է կրել: Զարմանալի չէ, որ բուքմեյքերները «Փյունիկին» համարում են բացահայտ ֆավորիտ այս խաղում:

Հայաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի Ակադեմիայում կընդունի ալբանական «Էգնատիային», որը ներկայացնում է 7000 բնակչություն ունեցող Ռոգոժինա քաղաքը: Ալբանիայի նախորդ առաջնությունում «Էգնատիան» զբաղեցրել է 3-րդ տեղը, բացի այդ հաղթել գավաթի խաղարկությունում: Ալբանական ակումբը «Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ ադրբեջանցի ֆուտբոլիստ է ձեռք բերել՝ հանձինս «Սումգայիթի» կիսապաշտպան Վուգար Իսկանդառլիի: «Էգնատիան» առաջին անգամ է մասնակցում եվրոպական մրցաշարի: Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են «Արարատ-Արմենիային»:

Հայաստանի երրորդ մասնակիցը՝ Երևանի «Ալաշկերտը», Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմին կհյուրընկալի «Ուրարտու» ակումբի մարզադաշտում: Սույն մրցակիցը նույնպես նորեկ է եվրոպական մրցումներում: «Արսենալ Տիվատը» Չեռնոգորիայի անցած առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ 20-ական միավորով ետ մնալով երկու առաջատարներից՝ «Բուդուչնոստից» և «Սուտյեսկայից»: Թիմը հիմնականում կազմված է չեռնոգորցի ֆուտբոլիստներով: Կա ընդամենը երկու լեգեոներ՝ սերբ դարպասապահ և արգենտինացի կիսապաշտպան: Բուքմեյքերների կարծիքով այս հանդիպման ֆավորիտ է համարվում «Ալաշկերտը»:

«Փյունիկ» - «Նարվա Տրանս» և «Արարատ-Արմենիա» - «Էգնատիա» հանդիպումները կմեկնարկեն ժամը 19:00-ին, իսկ «Ալաշկերտ» - «Արսենալ Տիվատ» խաղը՝ ժամը 21:00-ին: Բոլոր խաղերի մուտքն անվճար է: