Բացել լրահոսը Փակել լրահոսը
358454720_584983113818479_5532719228556944951_n
A A
Քաղաքականություն

Տրանսպորտի սղություն Արցախում

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելու հետևանքով առաջացած վառելիքի սուր սղությունը՝ որոշում է կայացվել զգալիորեն կրճատել ներհանրապետական հանրային տրանսպորտի տեղաշարժը։ Հուլիսի 8-ից Ստեփանակերտի, իսկ 10-ից՝ նաև  միջհամայնքային երթուղիները գործում են հատուկ ռեժիմով։ Այս մասին ասել է ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը։«Վառելիքի առկա պաշարների ռացիոնալ հաշվառումից և խնայողաբար օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համապատասխան հաշվարկներ իրականացնելուց հետո հանգել ենք այս օպտիմալ տարբերակին: Այս առումով հիմնականում տուժել է քաղաքային տրանսպորտով երթևեկող բնակչությունը։ Ավելի քիչ փոփոխություններ են կատարվել ներշրջանային տրանսպորտի գրաֆիկում»,-մանրամասնել է Վ. Հարությունյանը։Նա իրազեկել է, որ շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքում կգործեն միայն Աջափնյակ թաղամասի և Նոր Արեշի ուղղություններով գործող երթուղիները։ Իսկ քաղաքի ներսում գործողները կաշխատեն ծանրաբեռնված ժամերին։Մասնավոր մեքենաների շարժը գրեթե ամբողջությամբ դադարել է, քանի որ շարքային քաղաքացիներին այլևս վառելիք չի տրամադրվում: Արդյունքում մարդկանց ներքին տեղաշարժի հիմնական միջոցը մնացել է հանրային տրանսպորտը, որն էլ խիստ կրճատված չվացուցակով է գործում:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։ Սակայն հունիսի 15-ից արգելվել է նաև վերջիններիս տեղաշարժը: Տասնօրյա արգելափակումից հետո՝ հունիսի 25-ից վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով, սակայն խաղաղապահներին դեռևս արգելված է մատակարարել սնունդ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: