
Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երկու ոստիկան Է զոհվել․ ահաբեկիչները սպանվել են
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով երկու ոստիկան է սպանվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նահանգային բաժանմունքի հայտարարությունը:
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Զահեդանի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված ահաբեկչական խմբի բոլոր չորս անդամները սպանվել են:
Նշվում է, որ զինված անձինք նռնակներ են օգտագործել ոստիկանական բաժանմունք տանող իրենց ճանապարհը բացելու համար:
Հերքվել են լուրերն այն մասին, որ միջադեպին մահապարտներ են մասնակցել:
Սիստան և Բելուջիստան նահանգի նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալ Ալի Ռեզա Մարհամաթին հայտնել է, որ հարձակումը սկսվել է տեղական ժամանակով 07:15-ին:
Նա նաև հայտնել է, որ հարձակվողները վնասազերծվել են մինչև ոստիկանական բաժանմունք մտնելը։