Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մեղուներն արևոտ օրերի են սպասում (տեսանյութ)

Արևոտ եղանակների են սպասում ոչ միայն հողագործներն ու անասնապահները, այլ  նաև մեղուները, որոնց աշխատանքին ամենաշատը հենց անձրևներն են խանգարում․ բերք հավաքել չեն կարողանում։

«Էս վերև, որ բարձրանում ենք, ըտի փշից թփեր կան, էդ թփռուտները ծաղկել ա հըմի, պըտի ամբողջ գեղի ճանճն ըտի ըլի, բայց մի հատ ճանճ չկա», – ասում է մեղվապահ Սիմակ Վարդանյանը։

Սիմակ Վահրամյանը կնոջ՝ Մելսիդա Անդրեասյանի հետ, գյուղի գործերի հետ միասին նաև մեղվաբուծությամբ են զբաղվում։ Քսան մեղվաընտանիք ունեն։ Բուծում են կովկասյան մեղրատու մեղուներ։ Ասում են՝ այս մեղուներն ավելի խաղաղ են, նրանց հետ աշխատում են առանց համապատասխան քողի։

Սիմակ Վահրամյանը

«Ես ավտո եմ առել, գնացել եմ, էդ ավտոյով մեղուն էլ հետը բերել, 1985 թվին, մի հատ մեղու ենք բերել, ընտանիք, սարքել ենք երեսունը։ Վրին գրած ա էլի։ Էդքան բազմացրել ենք», – նշում է մեղվապահը։

Այսքան շատ տեղումներ մեկ էլ 20 տարի առաջ են եղել, հիշում են։ Եթե այսպես երկար շարունակվի, այս տարի մեղր չեն ունենա։ Բացի այդ, մեղուները ոչնչանալու վտանգի առաջ են կանգնած, քանի որ հիմա փեթակներում հավաքած բերքն են ուտում։

Սիմակ Վահրամյանի խոսքով՝ մեղվի համար արդյունավետ է լինում, երբ երեկոյան անձրև է գալիս, իսկ ցերեկն արևոտ է լինում։ Բայց հիմա անձրևները գրեթե չեն դադարում, այսպես  ծաղիկների վրայի նեկտարն էլ է թափվում։

«Եթե իրանք մեջը բան ունենան, պըտի ուտեն, եթե չէ՝ սոված կմնան։ Եթե ուտելիք չեն ունենում, ձուն են ուտում իրանց», – ասում է Մելսիդա Անդրեասյանը։

Մեղվապահների հույսը ցաքու թփուտներն են, դրանք վերջինն են ծաղկում։ Եթե արև բացվի, մեղուները կհասցնեն դրանցից բերք հավաքել։

Մելսիդա Անդրեասյանը

«Արևը մի պահ դուրս էկավ, ես վերևն էի, մեղուների ձենից իջա ներքև, ամբողջ հայաթը լցվել էին մեղուներով, բոլորը դուրս էին էկել էդ արևի վրա, ուրախացել։ Հայաթը լիքը մեղուներ էին։ Հաճելի բան ա էդ մեղուների ձայնը, որ գալիս ա։ Բայց էդ ուրախությունն ինչքան տևեց։ Հենց որ սկսում ա կաթել, իրանք անմիջապես նորից հավաքվում են բունը։ Բացարձակ դուրս չեն գալիս», – պատմում է տիկին Մելսիդան։

Մեղվաբուծությունից ստացած թանկարժեք սննդամթերքը` մեղրը, վաճառելն էլ դժվարացել է։ Սպառողը քաղաքաբնակն է, իսկ քաղաքներում այսօր աշխատատեղեր չկան, և մեղր գնելը մարդկանց համար երկրորդական տեղում է։

«Ուզում ես վաճառես, գիտես՝ մեղրը նենց բան ա, բոլորն էլ կուզենան չէ՞ առնեն, առողջ սնունդ ա իրանց էրեխի համար, բայց մարդիկ հնարավորություն չունեն։ Թեկուզ միրգը, որ տանում ենք վաճառելու, մարդիկ գալիս են շուկա, առնում են ոչ թե միրգ, միրգը մի քիչ թանկ ա, այլ առնում են կարտոֆիլ, պոմիդոր, վարունգ, որ գոնե ուտելու բան ըլնի չէ՞։ Իսկ ով հնարավորություն ունի, միրգ էլ ա առնում, ամեն ինչ էլ։ Նույնն էլ մեղրը։ Պըտի շատ ծանոթ ունենաս, բարեկամ, չգիտեմ ինչերի մեջ ըլնես, որ կարենաս մեղրը ծախես», – ասում է Մելսիդա Անդրեասյանը։

Մեղուների բերքահավաքը տևում է 15-20 օր։ Իսկ մեղրը քամելու շրջանն Ալավերդու տարածաշրջանում սկսվում է հուլիսի վերջերից։ Մեղվապահները դեռևս հույսով բարենպաստ եղանակների են սպասում։

Մանրամասները՝ «Ակյուն+3» ՀԸ տեսանյութում