«Արարատ-73». հաղթանակ Մոսկվայում գլխավոր մրցակցի նկատմամբ
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ը շարունակում է «Արարատ-73» լեգենդար թիմի հաղթական ուղղու լուսաբանումը:
1973 թվականի հուլիսի 1-ին «Արարատը» Մոսկվայում հանդիպում է տեղի «Դինամոյի» հետ: Առաջին տեղում գտնվող արարատցիներին դինամոյականները զիջում էին ընդամենը 2 միավորով:
Ինչպես տեղեկացնում է «Սովետսկի սպորտ» թերթի թղթակիցը, հանդիպման կարևորությունը մեծապես ազդում է ֆուտբոլիստների խաղի վրա, որոնք սկզբում շատ կաշկանդված են գործում և չեն կարողանում նպատակային գրոհներ կազմակերպել: Արարատցիները կասեցնելով դաշտի տերերի առաջին սպառնալիքները, անհատական խաղը զուգակցելով կոլեկտիվի հետ, կարճ ու երկար փոխանցումներով սկսում են ավելի հաճախակի հայտնվել «Դինամոյի» տուգանային հրապարակում: 20-րդ րոպեին սուր ռեյդ է ձեռնարկում կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպչում է ձախ դարպասաձողին: 40-րդ րոպեին հետևում է Զանազանյան-Բոնդարենկո-Իշտոյան-Պողոսյան-Մարգարով բազմաքայլ կոմբինացիան, և վերջինս առաջ անցնելով երկու պաշտպաններից, վարպետորեն գրավում է Պիլգուի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը փորձում են հավասարեցնել հաշիվը և փրկել խաղը, սակայն նրանց բոլոր գրոհները չեզոքացնում են դարպասապահ Ալյոշա Աբրահամյանն ու վստահ խաղ ցուցադրող Կովալենկոն: Ավելին, խաղի վերջին քառորդ ժամում, երբ փոխարինման է մտնում Նազար Պետրոսյանը, «Արարատի» գրոհներն կրկին վտանգավոր են դառնում, սակայն դինամոյականների դարպասապահն այդ անգամ ետ է մղում հյուրերի բոլոր հարվածները:
Այդպիսով, «Արարատը» 1:0 հաշվով անչափ կարևով հաղթանակ է տոնում և կրկին 2 միավորով առաջ է պոկվում Մոսկվայի ԲԿՄԱ-ից, որը նախօրեին նվազագույն հաշվով հաղթել էր երկրի չեմպիոն «Զարյային»: Հաջորդ, 15-րդ տուրում, արարատցիները սեփական դաշտում ընդունում են հենց բանակային ֆուտբոլիստներին: