Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տոտենհեմը» 26 տարի անց վերադառնում է Մադրիդ

Սպորտ
cb61c85ce2850178820a10b6d5f14b79

Այսօր երկու հանդիպումներով կվերսկսի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարը:

1/4 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» իր հարկի տակ կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Միլանի «Ինտերը»` Գելզենկիրխենի «Շալկե-04»-ին:

Այս հանդիպումներից առավել մեծ հետաքրքրությամբ սպասվում է «Ռեալ» - «Տոտենհեմ» մրցավեճը: Իսպանական ակումբը կձգտի շարունակել իր հաղթարշավը «Սանտյագո Բեռնաբեւուում», որտեղ անցկացրած 4 խաղերում Ժոզե Մոուրինյոի սաները միմիայն հաղթանակներ են տոնել: Ավելին, նրանք այդ հանդիպումներում դեռեւս գոլ բաց չեն թողել:

Իսկ ահա «Տոտենհեմը» բավականին արդյունավետ խաղ է ցույց տալիս մրցակիցների հարկի տակ: Լոնդոնցիները հյուրընկալվելիս արդեն խփել են 13 գոլ: Անգլիացիների կազմում հանդես է գալիս նաեւ բոլորից շատ արդյունավետ փոխանցում կատարող ֆուտբոլիստը: Դա Աարոն Լենոնն է, ում անմիջական մասնակցությամբ «Տոտենհեմը» 5 անգամ գրավել է մրցակիցների դարպասը:

Հավելենք, որ երկու թիմերն արդեն մեկ անգամ հանդիպել են եվրոգավաթների մրցաշարում. 1985 թ չեմպիոնների գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում հաղթել է «Ռեալը»` 1:0, 0:0:

«Ինտեր» - «Շալկե-04» խաղի ֆավորիտ է համարվում իտալական ակումբը: Միլանում կայացած վերջին 8 հանդիպումներից 7-ն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով, բացի այդ «կարմիր-սեւերը» հաջող են հանդես գալիս գերմանական թիմերի դեմ: Վերջիններիս հետ անցկացրած 16 խաղերում «Ինտերը» հաղթել է 10-ում, պարտվել` 5-ում:

«Շալկե-04»-ը հանդիսանում է չեմպիոնների լիգայի ամենակոպիտ թիմը: Գերմանական ակումբի ֆուտբոլիստները նախորդ 8 հանդիպումներում ստացել են 19 դեղին եւ 2 կարմիր քարտ: Նշենք նաեւ, որ «Շալկե-04»-ը այժմ Գերմանիայի առաջնությունում զբաղեցնում է 10-րդ տեղը, ինչը բնորոշ չէ չեմպիոնների լիգայի մասնակիցների համար: