Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Լատվիային

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում այսօր հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն:

Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խաղից առաջ նշել էր, որ եթե սեփական դաշտում չհաջողվի 3 միավոր վաստակել, ապա Ուելսում տարած հաղթանակը լիովին կկորցնի իր նշանակությունը:

Զարմանալի չէ, որ Հայաստանի հավաքականը հենց սկզբից դիմեց զանգվածային գրոհների՝ փորձելով արագ գոլ խփել: Սակայն, հաշիվը բացելու համար պահանջվեց 35 րոպե, քանի որ մրցակիցն ոչ միայն մեծ ուժերով էր պաշտպանվում, այլև գրագետ էր դա անում: Բայց վերը նշված րոպեին լատվիացիները չնայած չեզոքացրին կենտրոնից կազմակերպված գրոհը,  սակայն դրան հետևեց աջ եզրային նոր գրոհը, որը դիպուկ հարվածով եզրափակեց ձախ եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը:

Երկրորդ խաղակեսը նույնպես սկսեց Հայաստանի հավաքականի գրոհներով, սակայն դրանք գնալով մարեցին, իսկ Լատվիան, հակառակը, սկսեց ավելի հաճախ անհանգստացնել մեր թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչին: Արդյունքում, 60-րդ րոպեին լատվիացիները գրավեցին դարպասը, սակայն ՎԱՐ համակարգը նայելուց հետո մրցավարն որոշեց, որ գոլ խփողը գտնվում է խաղից դուրս վիճակում: Իսկ ահա 67-րդ րոպեին հյուրերի ձեռնարկած գրոհն ավարտվեց դարպասի մաքուր գրավումով: Հեռվից կատարված հարվածից հետո գնդակը դիպավ պաշտպան Ստյոպա Մկրտյանի ոտքին և անսպասելի հայտնվեց հեռավոր անկյունում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն անմիջապես թարմ ուժեր մտցրեց՝ նոր թափ հաղորդելով գրոհներին: Լատվիացիները, հակառակը, սկսեցին խաղալ ժամանակի վրա: Եվ դա չար կատակ խաղաց նրանց հետ: Խաղի վերջին րոպեին մեր ֆուտբոլիստները վտանգավոր գրոհն ավարտվեց 11 մ հարվածի իրավունքի վաստակումով: Հյուրերը բողոքարկեցին այն, սակայն՝ ապարդյուն: Փոխարինման մտած Տիգրան Բարսեղյանը վստահ իրացրեց 11մ հարվածը:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց խմբի ետնապահ Լատվիային՝ 2:1: Մեր թիմը վաստակեց 6 միավոր և հավասարվեց խմբի առաջատար Թուրքիային, որն այսօր սեփական դաշտում ընդունում է Ուելսին:

Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին, Թուրքիայի հարկի տակ: