Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hajastan - latvia 19.06.
A A
Սպորտ

Այսօր՝ Հայաստան – Լատվիա․ հանդիպում 100 տարվա պատմություն ունեցող մրցակցի հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի շրջանակում այսօր «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի հավաքականին։

Մեր մրցակիցն արդեն 100 տարվա պատմություն ունի։ Լատվիայի ընտրանին իր առաջին խաղն անցկացրել է 1922 թվականին, երբ դեռ չէր դարձել Խորհրդային Հանրապետություն։ Սակայն, 1940-1991թթ լատվիական ֆուտբոլը կազմում էր խորհրդային ֆուտբոլի մի մասնիկը և զրկված էր միջազգային խաղերից։

1992-ին Լատվիան, ինչպես և Հայաստանը, անկախացան և ձևավորեցին իրենց ազգային հավաքականները։ Անցած 32 տարվա ընթացքում երկու երկրները միմյանց հետ հանդիպել են երկու անգամ, այն էլ ընկերական մակարդակով։ Երկու խաղերն էլ կայացել են Լատվիայում։ 2009 թվականին կողմերը գոլազուրկ ոչ-ոքի էին արել, իսկ 2014-ին լատվիացի ֆուտբոլիստները հաղթել են 2։0 հաշվով։

Սակայն, Լատվիայի հավաքականը 2004թ մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, իսկ ահա Հայաստանին դեռևս չի հաջողվել մտնել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

Այսօր թիմերը կանցկացնեն առաջին պաշտոնական խաղը։ Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթել է Ուելսին, իսկ սեփական դաշտում պարտվել Թուրքիային՝ 1։2։

Լատվիայի հավաքականն անցկացրած երկու խաղերում պարտություն է կրել՝ Ուելսում 0։1 հաշվով, իսկ սեփական դաշտում՝ 2։3 հաշվով, Թուրքիայից։ Այս տարի լատվիացիներն անցկացրել են նաև ընկերական խաղ Իռլանդիայում, որտեղ պարտվել են 2։3 հաշվով։

Չնայած երեք պարտություններին, Լատվիայի հավաքականն այնքան էլ թույլ մրցակից չէ։ Լատվիացիները բոլոր խաղերում էլ լուրջ դիմադրություն են ցույց տվել իրենց բարձրակարգ մրցակիցներին, շատ քիչ են նրանց զիջել դիպուկ հարվածներով։ Զարմանալի չէ, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը բավական դժվարին խաղ է ակնկալում այսօր, չնայած Լատվիան, ըստ բուքմեյքերների, համարվում է զույգի ետնապահը։

Նշենք, որ Հայաստան – Լատվիա խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հանդիպման բոլոր տոմսերը վաճառված են։