Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-73 5.06.
A A
Սպորտ

«Արարատ-73». հաղթանակ Բաքվում, բայց գավաթային խաղում

 

1973թ ԽՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն խմբի խաղերին զուգահեռ անցկացվում էին նաև գավաթի խաղարկության հանդիպումները: Երևանի «Արարատը» 1/8 եզրափակիչ խաղի առաջին հանդիպումն անցկացնում է հունիսի 5-ին, Բաքվում:

Տեղի «Նեֆթչի» թիմն այդ տարի հանդես էր գալիս 1-ին խմբում: Չնայած դրան, դաշտի տերերը հենց սկզբից, առանց զգուշանալու, անցնում են հարձակման: Ինչպես տեղեկացնում է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հատուկ թղթակից Վ. Բայբուրթյանը, բաքվեցիների գրոհներին տոն են տալիս Ստեկոլնիկովն ու Սմոլնիկովը: Սակայն «Արարատի» պաշտպանները, հատկապես Սերգեյ Կովալենկոն ու Արմեն Սարգսյանը, իրենց վստահ և սառնարյուն խաղով սառեցնում են տանտերերի գրոհների ավյունը, իսկ երբ դա չի հաջողվում, նրանց օգնության է հասնում արդեն դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Առաջին 25 րոպեներից հետո արդեն արարատցիներն են տիրում նախաձեռնությանը և մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպում, սակայն վճռական պահերին ինչ-որ մի բան խանգարում է նրանց հաջողության հասնելու:

Ընդմիջումից հետո «Արարատը» վերադասավորում է ուժերը և հարձակման գրոհի կենտրոն է տեղափոխվում ավելի բարձրահասակ Անդրեասյանը, իսկ Մարգարովը սկսում է խաղալ աջ եզրում: Դա շատ արագ արդյունք է տալիս, երբ 47-րդ րոպեին Զանազանյանը տուգանային հարվածով գնդակը կախում է մրցակցի տուգանային հրապարակի վրա: Անդրեասյանը հաղթող է դուրս գալիս օդային պայքարում և գնդակը փոխանցում է Մարգարովին: Վերջինս անարգել մտնում է դարպասային հրապարակ և գրավում է իր նախկին թիմի դարպասը: Հետագայում խաղն անցնում է երկուստեք գրոհների ներքո, սակայն հաշիվն այդպես էլ մնում է անփոփոխ՝ 0:1:

 

Պատասխան հանդիպումը նախատեսված էր հունիսի 27-ին, Երևանում: