Բացել լրահոսը Փակել լրահոսը
351128221_1239014093421925_8519160851687030218_n
A A
Հասարակություն

Հերթական զոհը՝ Ալավերդու երկաթուղային գծանցում

Հունիսի 3-ին, լույս 4-ի գիշերն Ալավերդու Թումանյան փողոցը Հայպետշին թաղամասին կապող երկաթուղային գծանցում 28-ամյա երիտասարդ է զոհվել, ինչի հետ կապված Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Ալավերդու բնակիչ, ռեժիսոր Հրաչյա Պապինյանը։

«Լավ, ինչքան մարդ պիտի զոհվի, որ վերջապես քանդվի էս տխմար պատը կամ մյուս կողմից ցանկապատվի էնպես, որ անհնար լինի անցնելն ընդհանրապես։ Մի՞թե պարզ չի, որ այս պատը վերածվել է մարդկանց թակարդի, որ անխուսափելի մահեր է բերում ու բերելու է։ Մի”թե երկաթուղու կողմից վճարվելիք անցումը կարգավորող երկու մարդու աշխատավարձն ավելի թանկ է, քան էս զոհերը, որ տալիս ու տալիս է Ալավերդին։ Լավ, ինչքա՞ն, է՞լ ինչ պիտի լինի, որ տեղից շարժվեն պաշտոնյաները։ Մի՞թե էսքան ժամանակ պարզ չդարձավ, որ էդ երկաթուղային գծանցի չակերտավոր կամրջով անցնելու համար պիտի հատուկ պարապած լինել, որ հաճախ կարելի է տեսնել ընկնող կանանց ու երախաների։ Քանդեք ու պահանջեք երկաթուղուց, որ կարգավորվող անցում լինի այդտեղ, կամ ստորգետնյա անցում կառուցեք երկաթուղու տակով, դրա հնարավորությւոնը կա։ Ինչքան ջահել զոհեր պիտի լինեն ի վերջո։ Երկաթուղու քմահաճույքի պատճառով ինչքան խեղված ընտանիքներ ու ճակատագրեր պիտի լինեն, արդեն թիվն էլ ենք կորցրել։ Երեկ՝ Ժորա Պետրոսյան, 30 տարեկան։ ԱՓՍՈՍ»,- գրել է Պապինյանը։

․․․․․․․․․․․․․

Տեղեկացնենք, որ երեկ՝ հունիսի 3-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող բեռնատար գնացքի մասնակցությամբ հերթական մահվան ելքով դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյանի վարչական տարածքում գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել է։

Պարզել են, որ թիվ 3411 Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար 61-ամյա  Զավեն Վ․-ն ժամը 22։25-ի սահմաններում երկաթգծի 2609 կմ-ի պիկետ 8՝ Սանահին-Ալավերդի հատվածում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեչ» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու, միացրել է ազդանշանի շչակը, սակայն վերջինս չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ 31-ամյա Ժորա Պ-ն է։ Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։