Բացել լրահոսը Փակել լրահոսը
բենուր
A A
Սպորտ

Բենուր Փաշայանի հուշամրցաշարին այս տարի մասնակցեցին ըմբշամարտի 6 հավաքականներ

Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի հուշամրցաշարը։

«Սա Բենուր Փաշայանի թվով 4-րդ հուշամրցաշարն է։ Նախորդ երեքին մասնակցում էին դեռահասներն ու պատանիները։ Այս անգամ որոշեցինք այն անցկացնել մեծահասակների մասնակցությամբ։ Նպատակն այն է, որ դրա արդյունքներով ձևավորենք Հայաստանի ընտրանու այն կազմը, որը սեպտեմբերին կմասնակցի Փարիզի 2024թ օլիմպիական խաղերի ուղեգիր տվող աշխարհի առաջնությանը: Հույս ունենք, որ առաջիկա տարիներին կկարողանանք հուշամրցաշարն անցկացնել նույն ձևաչափով, որոնք դարձյալ կլինեն նախընտրական աշխարհի առաջնություններից առաջ», - «Ա1+»-ին ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը։

«Հուշամրցաշարը ծառայեց իր նպատակին։ Շատ լավ էր կազմակերպված։ Մրցակցությունը բավական մեծ էր, քանի որ մասնակցեցին տարբեր երկրների առաջատար ըմբիշներ։ Ունեցանք և հաղթանակներ, և պարտություններ։ Մրցաշարը ցույց տվեց, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մրցաշարը նախընտրական էր հավաքականի համար։ Բնականաբար որոշակի փոփոխություններ կլինեն հավաքականի կազմում, բայց ոչ մեծ չափերով», - հուշամրցաշարի ավարտից հետո նշեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Նշենք, որ հուշամրցաշարը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ ՀԸՖ-ի աջակցությամբ: Դրան մասնակցեցին Հայաստանի, Բուլղարիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Բելառուսի 101 ըմբիշ։ Մերոնցից առաջին տեղը գրավեցին և ոսկե մեդալ նվաճեցին Սլավիկ Գալստյանը, Շանթ Խաչատրյանը, Մաքսիմ Մանուկյանը։