Բացել լրահոսը Փակել լրահոսը
եխ
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպումը կայացել է Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթաժողովի շրջանակներում:

Երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի ապահովման և մարդասիրական բնույթի խնդիրների հասցեագրման հրամայականը:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում են: Նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման նպատակով միջազգային կառույցների կողմից շարունակական հասցեական հայտարարությունների և գործնական քայլերի կարևորությունը: