18 մլն դրամ՝ հայցի ապահովման միջոց․ Ավինյանը դատի է տվել լրագրող Դավիթ Սարգսյանին եւ «168 ժամին»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրող Դավիթ Սարգսյանի և «168 ժամի» դեմ հայց է ներկայացրել՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։ Հայցի առիթը «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» տեսանյութն է։
Լրագրողը քիչ առաջ ՖԲ-ում հայտնել է, որ հայց ներկայացնելով դատարան՝ Ավինյանը դիմել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու հարցով։
«Հայցի ապահովման միջոցի՝ դատարանի բավարարած չափը 9 մլն դրամ է, այդքանի չափով արգելանք է դրվել իմ բնակարանի և աշխատավարձային հաշվեհամարիս վրա»,- գրել է նա։
ԴԱՀԿ-ից ծանուցում է ստացել նաև 168.am-ը․ «Պարզվեց՝ գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով բավարարել է ոչ միայն իմ դրամական միջոցների ու գույքի վրա 9 միլիոն դրամի չափով կալանք դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունը, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի հաշիվների վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամի կալանք դնելու միջնորդությունը»։
«Հաշվի առնելով, որ դատաքննությունը տարիներ է ձգվելու, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողին, լրատվամիջոցն ու ազատ մամուլը ճնշելու, լռեցնելու և սանձահարելու փորձ»,- ասում է Դավիթը՝ պնդելով, որ հեռուստաթողարկմանը ներկայացրել է «բացառապես նախկինում հրապարակված և երբևէ չհերքված, ավելին՝ ապացուցված մի շարք կոռուպցիոն ռիսկեր, որոնք վերաբերում են իրեն ( Ավինյանին) և իր շրջապատին»։