Այն զինտեխնիկան, որը Հայաստանը օգտագործել է, բավականին լուրջ խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի համար․ Ռոբերտ Ղևոնդյան
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր առավոտյան ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Այս թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
-Պարոն Ղևոնդյան, ինչպես գիտեք, Ադրբեջանն առավոտյան հրետանային և ականանետային միջոցներով կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ի՞նչ է հետապնդում Ադրբեջանն այս քայլով, և արդյոք սա կապվա՞ծ է վաշինգտոնյան կամ Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպման հետ։
-Սա կապված է թե՛ վաշինգտոնյան, թե՛ բրյուսելյան և մոսկովյան հանդիպումների, թե՛ Մոսկվայում Հայաստանի ղեկավարի մասնակցության հետ շքերթին։
-Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանն այս ճնշմամբ։
-Սա հավելյալ ճնշման գեներացում է, որի միջոցով Ադրբեջանը և Ռուսաստանը փորձում են Հայաստանին ստիպել համաձայնել զիջել որոշ հարցերում։ Դրանցից մեկը Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության ընդունումն է։
-Դա ՌԴ-ի կողմից, իսկ Ադրբեջանն ինչի՞ է ցանկանում հասնել։
-Ադրբեջանը ցանկանում է ստիպել, որ հարցերի լայն շրջանակներում՝ տնտեսականից մինչև ՀՀ-ի կողմից տարածքային զիջումներ, Հայաստանն ավելի զիջող գտնվի։
-Իսկ այս սադրանքները կապ ունե՞ն արդյոք հենց Սոթքի հանքի հետ։
Ես պատահական չէ, որ նշեցի տնտեսական գործոնը։ Փորձում է տնտեսական խնդիրներ ստեղծել։ Սա առաջին օրինակը չէ, և նույնիսկ պատերազմից հետո Ալիևը հայտարարեց, որ թույլ չի տալու, որ Հայաստանը տնտեսապես զարգանա։ Այսինքն՝ այս սադրանքները ունեն բազմաթիվ նպատակներ։ Բայց ստեղծում են նաև հնարավորություններ։ Օրինակ՝ համարժեք պատասխան տալու դեպքում Հայաստանը կարող է բանակցային հարթակում ավելի ճկուն լինել։ Եվ Հայաստանը տվել է այդ պատասխանը, մենք զոհ չունենք, իսկ Ադրբեջանը զոհ ունի, և արդեն ընդունել է դա։ Հայաստանն օգտագործել է տարբեր զինտեխնիկա, որոնց մասին հայտարարություն այս պահին չկա, բայց այդ զինտեխնիկան բավականին մեծ խնդիր է առաջացրել ադրբեջանցիների համար։ Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ Հայաստանը ևս ճնշում գործադրելու և ճնշում գեներացնելու խնդիր ունի բանակցություններից առաջ, և Ադրբեջանը այդ սադրանքի միջոցով տվեց առիթը։
-Իսկ զինտեխնիկան նո՞ր է, թե նախկինում ձեռք բերված։
-Այստեղ առանց մեկնաբանությունների։ Պատկան մարմինները եթե ճիշտ գտնեն, ապա տեղեկությունը կտրամադրեն։ Ամեն դեպքում նշենք, որ այն զինտեխնիկան, որը Հայաստանն օգտագործել է, բավականին լուրջ խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի համար։
-Նման սադրանքները կարո՞ղ են հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։
-Ոչ, լայնամասշտաբ պատերազմի չեն կարող հանգեցնել, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի համար նման «աշխարհի պայմաններում» հնարավորություն չունեն հիմնական ուժային կենտրոններից համաձայնություն ստանալ։ Առանց այդ համաձայնությունների Հայաստանի և Ադրբեջանի պես երկրները լայնամասշտաբ պատերազմ իրականացնել չեն կարող։
-Եթե Ադրբեջանը ՌԴ-ից ստանա համաձայնություն, իսկ Արևմուտքից չստանա։ Կարո՞ղ է Ադրբեջանը սկսել պատերազմ։
-Միայն մեկ ուժային կենտրոնի համաձայնությունը բավարար չէ պատերազմ սկսելու համար։
-Այսինքն՝ 44-օրյա պատերազմի դեպքում Ադրբեջանը ստացե՞լ էր Արևմուտքի համաձայնությունը։
-Այո, Իհարկե։ Ոչ թե Արևմուտքի համաձայնությունը, այլ ռուս-թուրքական պայմանավորվածությունը հաշվի էր առել այն, որ Թրամփի վարչակազմը ձեռքերը լվացել էր և հնարավորություն էր տվել տարածաշրջանային տերություններին ինքնուրույն որոշել, թե ինչ պետք է տեղի ունենա տարածաշրջանում։ Բայց հիմա աշխարհը այլ է։ Թրամփի վարչակազմը չկա։