Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Փողոցաեզրերի ծառերը ենթարկվել են խորը էտի (տեսանյութ)

Ալավերդու՝  գարունն ավետող ծառերը վերջին մեկ ամսում ենթարկվել են խորը էտի։ Էտի մեթոդը  որը պատահի և ինչպես պատահի սկզբունքով է եղել։ Նույն կերպ են էտվել թե՛ լորենին , թե՛ ակացիան, թե՛ բարդին և թե՛ հացենի։

Ծառերի հանդեպ նման վերաբերմունքն ու քաղաքի մերկ, անշուք դարձած փողոցների տեսքը ալավերդցիներից շատերին  են վրդովեցրել։

«Մտիկ եմ անում, ափսոս էլ ա գալի, բայց ինչ անես։ Մաքրելը ճիշտ ա, բայց տակռուց կտրելը սխալ ա», – ասում է մի քաղաքացի։

«Բոլորս էլ դժգոհ ենք, ինչքան էստեղ վարորդներ կան, մարդիկ կան, բոլորն ասում են՝ էս ինչ են արել», – նշում է մեկ այլ քաղաքացի։

Գլխատած ծառե՞ր, ծառերի հա՞տ, որը որևէ կապ չունի վերջինիս խնամքի հետ, թե՞ այն իսկապես խանգարում էր քաղաքի արտաքին տեսքին, առաջացնում կոմունիկացիոն խնդիրներ, վտանգ բնակչության համար։ Եվ,  ի վերջո, կատարված խորը էտը իրականում կոչվում է երիտասարդացում,պարզաբանում է համայանքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետը։

«Կատարվել է ճյուղերի կտրման, մաքրման աշխատանքներ, որպեսզի չխանգարի Ալավերդի համայնքի կոմունիկացիաներին։ Փողոցային լուսավորության մալուխների մեծ մասը նախկինում անցկացված լարեր են, որ անպաշտպան, բաց կաբելներ են։ Խոնավ եղանակներին հնարավոր ա կարճ միացման պատճառ դառնա, հրդեհի պատճառ դառնա, ասենք ավելի լուրջ խնդիրների պատճառ դառնա», – պարզաբանում է Ալավերդու համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ժորա Զարգարյանը։  

Ժորա Զարգարյանը

Վտանգավոր ծառերն, ալավերդցիների բնորոշմամբ, բարդիներն են, որ արդեն երկար տարիներ բազմաթիվ անհարմարություններ են պատճառում նրանց, բայց լորենին ինքնին վտանգավոր ծառ չի համարվում, հակառակը՝ բոլոր  ծառատեսակներից ամենակենսատուն, մեղվատուն է,բայց միևնույնն է՝ արժանացել է նույն ճակատագրին, ընդ որում նաև այն տարածքներում, որտեղ ո՛չ երթևեկությանը, ո՛չ կոմունիկացիաներին և ո՛չ էլ մարդկային կյանքերի համար կարող է վտանգ հանդիսանալ, ասում են բնակիչները։

«Տենում են՝ որ ծառն օգուտ ա, էն են կտրում։ Տրամաբանությունն էն ա, որ փետ են անում, ծախում։ Ուրիշ ի՞նչ տրամաբանություն։ Կարող ա էս ծառերն ուզում են փչացնեն, որ տեղը բերեն, ուրիշ ծառ դնեն», – ասում է փողոցում հարցված քաղաքացիներից մեկը։

Բնապահպանության բաժնի պատասխանատուն վստահորեն նշում է՝ քաղաքում ոչ մի ծառ, այդ թվում լորենիները չեն հատվել, էտվել են, նպատակը՝ հետագայում ավելի առողջ և երիտասարդ ծառատեսակներ ունենալ։

«Էտվել են նույն սկզբունքով՝ երիտասարդացնելու, կյանքը երկարացնելու սկզբունքով», – նշում է համայնքապետարանի պաշտոնյան։

Բնակիչների մի մասն էլ ենթադրում է, որ ընդհանրական մոտեցումը բոլոր ծառատեսակներին կապված է քաղաքի արտաքին տեսքի հետ և միայն ու միայն հետապնդում է էսթետիկ նպատակներ։

«Միահավասար տեսք են տվել», – նշում է քաղաքացիներից մեկը։

«Նույն ձևի պետք է անեն, որ գեղեցիկ լինի», – ասում է մեկ այլ քաղաքացի։

Բայց, այնուամենայնիվ, եթե խորը էտ պետք է, ապա ինչու չեն ծառերը շախմատաձև էտվել, կամ ինչու են ամբողջ փողոցը ծայրից ծայր էտել եւ ամբողջովին կանաչ զանգվածից զրկել ու սպանել ծառերը: Հնարավոր է, որ ճյուղեր աճեն, այդ ճյուղերը շատ ծաղկեն, բայց ծառը, որ շատ ծաղիկ ու շատ պտուղ ունի, չի նշանակում, որ առողջ է։ Ծառը հասկանում է, որ ինքը մեռնելու է, և որքան էներգիա ունի, լցնում է իր ծաղիկների մեջ, որ գոնե կարողանա սերմերը տարածել մինչև իր չորանալը, հավելում են մասնագետները։  Ի դեպ՝ այս խնդիրը կա հանրապետության բոլոր քաղաքներում։ Եվ տասնամյակներ շարունակ։ Խնդրի կարգավորումը մի ուղի ունի՝ Էկոնոմիկայի նախարարության  գյուղատնտեսական համապատասխան վարչությունը, եթե դեռ մեր երկրում մնացել են գյուղատնտեսներ, պիտի մշակի անհրաժեշտ ինստրուկցիաներ և վերապատրաստման կամ փորձի փոխանակման դասընթացներ կազմակերպի համայնքների համապատասխան ստորաբաժանումների աշխատողների համար։ Իսկ քանի դեռ այդպես չէ, Կոմունալ տնտեսություններից յուրաքանչյուրը ծառի հետ վերաբերվում է իր իմացածի չափով։ Մանավանդ, որ շների նման այս ծառերի պաշտպանությունը դրսի կազմակերպությունների կողմից չի հովանավորվում,  ուստի պաշտպաններ չկան։ Ասել է թե՝ անտեր են, որբ, իսկ թե որբի գլխի հետ ինչպես են վարվում, առածը բոլորիս է հայտնի։

Տեսանյութը՝ «Անկյուն+3» ՀԸ