Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks (1)
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի շարքերը նոսրանում են աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական կորուստը կրեց:

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը պարտություն կրեց 1:4 հաշվով։

57 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչ փուլում մրցեց հորդանանցի Յուսեֆ Յաշաշի հետ։ Մեր մարզիկն անհաջող անցկացրեց մարտը և պարտվեց 1:4 հաշվով:

Այդպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում կորցրեց թվով 6-րդ մասնակցին: Մեր հինգ բռնցքամարտիկները դեռևս շարունակում են պայքարը չեմպիոնի կոչման համար:

Վաղը ռինգ կմտնեն երեք հոգի: 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը կմրցի վենեսուելացի Ֆինոլ Ռիվասի հետ: Հաղթելու դեպքում նա նվազագույնը կապահովի բրոնզե մեդալ:

Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) կանցկացնի 1/8 եզրափակիչ մրցամարտը: Նրա առաջիկա մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Հ. Կոչն է: Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) քառորդ եզրափակիչ փուլ մտնելու համար պետք է հաղթահարի իրանցի Ամիրի արգելքը:

Մայիսի 9-ին իր երկրորդ մրցամարտը կանցկացնի 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որի առաջիկա մրցակիցը մոնղոլ Բաթումուրն է: Մայիսի 10-ին Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) ուժերը կչափի կոլումբիացի Ֆորի Վիաֆարայի հետ: Հաղթելու դեպքում մեր բռնցքամարտիկները բրոնզե մեդալներ կապահովեն:

Հիշեցնենք, որ առաջնության հաղթողները կստանան 200 հազար, փոխչեմպիոնները` 100 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները` 50 հազար դոլար պարգևավճար: