
Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունն ու Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է.
«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդուգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։
Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով։
Այս ամենը հաշվի առնելով՝ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»։
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունն ու Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային հորդորել են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, բացի այդ կարծիք են հայտնել, որ այսուհետ Հայաստանին չպետք է վստահել միջազգային սպորտային մրցումներ: