«Սադրանքներ չեն լինի, եթե …»
71-ամյա Կարո Սարգսյանը մեր ֆուտբոլի ամենաստաժավոր երկրպագուներից է: Ինչպես ինքն է նշում, անցած դարի 50-ականներից սկսած հայկական թիմերի մասնակցությամբ ոչ մի խաղ բաց չի թողել: Իր տարիքի համեմատ բավական կենսախինդ Կարո Սարգսյանին այժմ էլ կարելի է հաճախ հանդիպել Հայաստանի առաջնության խաղերին:
Խոսելով մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Ռուսաստան խաղի մասին, նա «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց. «Վաղուց եմ ձեռք բերել խաղի տոմսը: Անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը: Հաշվի առնելով մեր թիմի ցույց տված ֆուտբոլը Եվրոպայի այս առաջնության ընտրական փուլում, ես լավ արդյունք եմ ակնկալում մեր թիմից»:
Մեր այն հարցին, արդյոք հնարավոր են խաղից առաջ, խաղին կամ դրանից հետո ընդհարումներ տեղի ունենան երկու հավաքականների երկրպագուների միջեւ, նա պատասխանեց. «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ մեր ֆուտբոլասերների կողմից հաստատ որեւէ սադրանք չի լինի այդ օրը: Ինձ մտահոգում է միայն Ռուսաստանի, այսպես կոչված, ֆաների պահվածքը: Եթե նրանք դիմեն սադրանքների, ապա մեր երկրպագուները կարող է հակահարված հասցնեն: Համենայնդեպս հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա եւ հանդիպումը կվերածվի իսկական ֆուտբոլային տոնի»: