Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեւան
A A
Պաշտոնական

Սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը

Կառավարության որոշմամբ սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը
 
Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2023 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։
 
Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2023 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։
 
❗️ Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2023 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 300 տոննա
 
❗️ 2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:
 
Որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված ուսումնասիրությունները։
 
✅Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը,
✅Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները,
✅Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի),
✅Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),
✅Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի N332-Լ հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից, ինչպես նաև ժամային գրաֆիկից դուրս ժամկետներում։
 
📅 Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ ապրիլի 25-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։
Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերի կնքման դիմումն ու հայտաձևը ստորև՝ http://env.am/.../sevana-lcum-ardyunagorcakan-dzknorsutyun