Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՄ դիտորդներ
A A
Քաղաքականություն

Եթե Ադրբեջանի կողմից գարնանը հարձակում տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է․ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը dw.com-ի հետ զրույցում նշել է, որ շատ հայեր գոհ են Հայաստանում ԵՄ ներկայությունից։ Սակայն, ըստ նրա, սպասելիքները շատ մեծ չպետք է լինեն, քանի որ դիտորդները Ադրբեջանի տարածք մտնելու հնարավորություն չունեն, հետևաբար չեն կարող հայտնաբերել, օրինակ, զորքերի տեղաշարժը նախապատրաստվող որևէ հարձակման ժամանակ։

«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը հարձակում է սկսելու։ Եթե սա տեղի չունենա, կնշանակի՝ մեր առաքելությունը արդեն հաջողված է»,- ասել է Ռիթերը։

Նա նաև նշել է, որ «իրենք չեն կարող միջամտել․ «Մենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ ունենք մեր տրամադրության տակ»։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն խստորեն դատապարտել է այս հայտարարությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն իբր պատրաստվում է հարձակման, և ԵՄ առաքելության հիմնական խնդիրը ներկայացրել է «Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելը»։ Մենք բազմիցս ընդգծել ենք այս առաքելության չարաշահումները կանխելու անհրաժեշտությունը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն», - ասել է Հաջիզադեն իր մեկնաբանության մեջ։

Նրա խոսքով, «ԵՄ առաքելությունը չպետք է տրվի կեղծ ու զրպարտչական հայտարարություններին և պետք է գործի իր մանդատի համաձայն»։