Կանցկացնեն փակ մարզումներ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը` Ռուսաստանի ընտրանին, Երեւան կժամանի մարտի 25-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր մրցակիցը Երեւանում կանցկացնի ընդամենը մեկ մարզում` մարտի 25-ին, «Հանրապետական» մարզադաշտում, ընդ որում` այն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար բաց կլինի միայն առաջին 15 րոպեներին:
Հայաստանի հավաքականը իր բոլոր մարզումները նույնպես կանցկացնի փակ դռների ետեւում, միայն նախախաղային պարապմունքին լրագրողները կարող են 15 րոպե հետեւել ֆուտբոլիստների նախապատրաստությանը:
Ի դեպ, ՀՖՖ-ն եւ ՌՖՄ-ն մարտի 26-ին նախատեսված խաղից առաջ համատեղ կանցկացնեն ընկերական հանդիպումներ: Երկու երկրների վետերան ֆուտբոլիստները իրար հետ կհանդիպեն «Միկա» մարզադաշտում, իսկ պատանի ֆուտբոլիստները եւ երկրպագուները` «Փյունիկի» մարզադպրոցում: Այդ խաղերը տեղի կունենան մարտի 25-ին: