Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախի պետնախարարի կոչը (տեսանյութ)

Խնդրում և կոչ եմ անում պահպանել ռազմական դրության պայմաններում տեղեկատվության հրապարակման սահմանված կարգը․ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի կոչը․
 
Հարգելի հայրենակիցներ՝
Արցախում սահմանված իրավակարգավորման համաձայն Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում, ելնելով պետական և հասարակական արտաքին և ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ռազմական բնույթի տեղեկատվության, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկատվության, Արցախի Հանրապետության սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվության և հրապարակումների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, պետք է կատարվեն բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը։ Հակառակ արարքի համար նախատեսված է պատասխանատվություն։
 
Չնայած դրան, կրկին հայտնվում են ամենատարբեր՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնց պետական մարմինները ստիպված են լինում պարբերաբար արձագանքել, հերքել։
Խնդրում ենք հետևել սահմանված կանոնին, չզբաղվել ինքնագործունեությամբ և չստուգված ու չհաստատված տեղեկությունների տարածմամբ, ինչը թույլ կտա պետական իրավասու մարմիններին զբաղվել իրենց առջև դրված խնդիրների լուծմամբ։