Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC07169
A A
Պաշտոնական

Փոխվարչապետ Խաչատրյանը ՄԹ դեսպանին ներկայացրել է շրջափակված Արցախում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերին՝ հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

«Մեծարգո՛ դեսպան, մենք մեծապես կարեւորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ոլորտային բարեփոխումների իրականացման գործում եւ գոհունակությամբ կարող ենք արձանագրել հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան»,- իր խոսքում հատուկ ընդգծել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Շնորհավորելով փոխվարչապետ Խաչատրյանին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են «Լավ կառավարման հիմնադրամի» եւ Հայաստանի ներդրումային խորհրդի համագործակցությանը, որը ծառայում է որպես պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության ու Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ասոցիացիաների միջեւ, քննարկել են հայ-բրիտանական առեւտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաեւ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: