Քաղցկեղի տարածվածությամբ Սյունիքը ամենավերջինն է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ամեն 54-րդ մարդ ունի քաղցկեղ։ Քաղցկեղի դեպքերն ամենաշատը գրանցվում է Լոռու մարզում, ապա նոր՝ Երևանում, ամենաքիչը դեպքերը Սյունիքում են։
2021թ տարեվերջին Լոռիում գրանցվել է քաղցկեղի 4628 դեպք (ինչը 100 000 բնակչի հաշվով կազմում է 2186.1), իսկ Սյունիքում գրանցվել է 1874 դեպք (100 000 բնակչի հաշվով` 1391.2 դեպք)։ Քաղցկեղի տարածվածությամբ Լոռու մարզին հաջորդում է Երևանը, ապա՝ Շիրակը և Կոտայքը։
Հայաստանում 2020-2021թթ.-ին չարորակ նորագոյացությունների ընդհանուր թիվը 7,5%-ով աճել է՝ հասնելով 54519 դեպքի, ասվում է է Առողջապահության ազգային ինստիտուտի վերջին զեկույցում:
Հայաստանում քաղցկեղ ունեցողների 55%-ը կին է, 45%-ը՝ տղամարդ։
Կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց շրջանում՝ թոքի։ Երկուսի դեպքում էլ տարեկան գրանցվում է 1300-ական նոր դեպք։
Ներկայում քաղցկեղի դեպքերի աճի միտումը պայմանավորված է մարդկանց կյանքի տեմպի փոփոխությամբ, սննդի վատ որակով, նաև մեծ նշանակություն ունի կյանքի տևողության երկարումը։
Հայաստանում հաստատված չարորակ ուռուցքների վիրահատումն անվճար է։ Մոտ 3 տարի է՝ պետությունը կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար անվճար տրամադրում է «Հերցեպտին» դեղորայքը (մի դեղի միջին ներարկային գինը 350 000-400 000 դրամ է, այդ դեղի մոտ 17-18 ներարկում է պահանջվում)։
2021թ․ հունվարից Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, նաև՝ Երևանում ներդրվել է կրծքագեղձի հայտնաբերման սքրինինգային պիլոտային ծրագրեր (առաջիկայում նախատեսվում է ներառել նաև Շիրակի մարզը, ծրագիրն անվճար է), 2022թ․ հուլիսից էլ՝ Կոլոռեկտալ (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի և հետանցքի) քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը։
Այնուամենայնիվ, պետության հատուցման չափը սահմանափակ է, և ծախսերի մի զգալի մասը մնում է հենց հիվանդի վրա։ Սրան ավելանում է նաև այն, որ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ մի շարք դեղեր դեռ գրանցված չեն Հայաստանում։