Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մացուևը հայ հանդիսատեսի, ջազի, ֆուտբոլի մասին և ոչ միայն (տեսանյութ)

«Ափսոսում եմ, որ հյուրախաղերի իմ սեղմ գրաֆիկի պատճառով չեմ կարողացել տասներկու տարի գալ Հայաստան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևն ու ժպիտով հավելում,- Սա տեխնիկական անարդարություն եմ որակում»։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի բացումը կայացավ աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի մենահամերգով։

Վերջին անգամ դաշնակահարը Հայաստանում եղել է 2009 թվականին։ «Երբեք չեմ մոռանա այդ համերգը։ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախումբը Գերգիևի ղեկավարությամբ համերգներով հանդես եկավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Գերգիևի հետ Հայաստան էին եկել նաև բալետի լեգենդար պարուհի Մայա Պլեսեցկայան, կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը։ Հնչեցին նաև Ալեքսանդր Հարությունյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։ Նրանք էլ դահլիճում էին։ Հիանալի ժամանակ անցկացրեցինք»,-պատմում է նա։

Մացուևը կարծում է՝ նման դադարներ այլևս չեն լինի և հաջորդ անգամ, որը, նրա խոսքով, մոտ ապագայում կիրականացնի, նոր նախագծով ելույթ կունենա՝ «Ե՛վ դասական, և՛ ջազ»։

Ծրագիրը կազմելիս նա առաջնորդվում է մի բացառիկ սկզբունքով՝ կատարում է այն ստեղծագործությունները, որոնք սիրում է, այլապես, համոզված է, որ իմաստ չունի կատարելը։ Իսկ հանդիսատեսը համերգից պետք է դրական լիցքերով ու ժպիտով հեռանա․ սա է իրական արվեստի առաքելությունը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։