Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess akademia
A A
Սպորտ

Իրանցի շախմատիստը սկսեց գլխավորել «Անդրանիկ Մարգարյան» հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Անդրանիկ Մարգարյան» 13-րդ շրջանային հուշամրցաշարում այսօր կայացան 3-4-րդ տուրերի պարտիաները:

Գլխավոր մրցաշարի չորս առաջատարներից առավել հաջող հանդես եկավ իրանցի Ամիռեզա Պուր Աղա Բալան, որը հաղթեց Արթուր Դավթյանին, ապա գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց իր հայրենակցի հետ և վաստակեց 3 միավոր: Նրանից կեսական միավորով ետ են մնում 4 շախմատիստ, այդ թվում մեր հայրենակից Դավիթ Շահինյանը, որը սկզբում պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր Կլեմենտի Սիչևին, ապա հաղթեց վրացի փորձառու շախմատիստ Զուրաբ Ստուրուային:

Զուգահեռ անցկացվող երկրորդ մրցաշարում չորս տուրից հետո հաստատվել է երկիշխանություն: Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Փիլիպոսյանը և Բենիկ Աղասարովը վաստակել են 3-ական միավոր և կիսում են առաջին տեղը: Նրանց հաջորդում են 6 շախմատիստ, որոնք ունեն 2-ական միավոր:

Վաղը կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Գլխավոր մրցաշարի առաջատար Աղա Բալան կմրցի իրեն հետապնդող Կլեմենտի Սիչևի հետ: Դավիթ Շահինյանն ուժերը կչափի Էմին Օհանյանի հետ: