Հողերի կեսը չի մշակվում (տեսանյութ)
Հայաստանում սպառվող ցորենի կեսից ավելին ներկրվում է: Ըստ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի` տարեկան Հայաստան է ներկվում 350-400 հազար տոննա հացահատիկ,որը մտահոգիչ ցուցանիշ է:
« Այս հարցը մեզ համար հրատապ լուծման անհրաժեշտություն ունի , ինչքա՞ն կարող ենք թանկ ու կրակ ներկրել »,-ասում է Սամվել Գալստյանը:
Արտադրության ցածր ցուցանիշների պատճառները բազմաթիվ են: Ըստ փոխնախարարի` կապված չեն միայն կրծողների, թունանյութերի գների ու բնակլիմայական պայմանների հետ:
Առավել մտահոգիչ է այն փաստը, որ հանրապետության 448. 5 հազար հեկտար վարելահողից 287 հազար հեկտարը նախորդ տարի չի օգտագործվել:
Փոխնախարարը առանձնացնում է խնդրի հիմնական պատճառները . «Հողերի կտրվածություն, աշխարհագրական դիրք, ոռոգման խնդիրներ, վարելահողերից միայն շուրջ 130 հազար հեկտարն է ոռոգվում»:
Բացի այդ հատկապես բարձրադիր գոտիներում բնակիչները չեն կարողանում իրենց ծախսածի համեմատ եկամուտ գրանցել, այդ իսկ պատճառով նախընտրում են հող չմշակել :
Սամվել Գալստյանը չհերքեց , որ պարարտանյութերն ու թունանյութերը ևս թանկ են :
Գյուղատնտեսական այս խնդրի լուծման համար, ըստ նրա, կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել :
Կառավարությունը 2011 թ.ին ընդունել է գարու և եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագիր:
Բացի այս ծրագրից, ըստ փոխնախարարի. գյուղատնտեսության զարգացման համար այլ քայլեր ևս իրականացվում են, օրինակ` Կառավարությունը կրծողների դեմ պայքարի համար արդեն իսկ գումար է տրամադրել, իսկ թե որքան, նախարարը դժվարացավ նշել: