Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+portugalia
A A
Սպորտ

Ռոբերտո Մարտինեսը կգլխավորի Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակել Բելգիայի ընտրանու նախկին մարզիչ Ռոբերտո Մարտինեսին։ Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի կայքը։

Իսպանացի մարզիչը Պորտուգալիայի հավաքականում փոխարինել է Ֆերնանդու Սանտուշին, որը լքել էր թիմը 2022թ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Մարոկկոյի ընտրանուց կրած պարտությունից հետո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ աշխարհի առաջնության ավարտը։

Բելգիայի հավաքականը Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ չէր կարողացել դուրս գալ աշխարհի 2022թ առաջնության խմբային փուլից։ Նրա մարզչական միակ ձեռքբերումը 2018 թվականի աշխարհի առաջնության 3-րդ տեղն էր։

Եվրո-2024-ի ընտրական փուլում Պորտուգալիայի ընտրանին ուժերը կչափի Բոսնիայի և Հերցեգովինայի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Սլովակիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Ռոբերտո Մարտինեսին լուրջ փորձություն է սպասվում, քանի որ նա նախևառաջ պետք է կողմնորոշվի իր նոր թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հարցում։ Վերջինը դժգոհ էր մնացել 2022թ աշխարհի առաջնության արդյունքներից և միայնակ վերադարձել հայրենիք։ Սակայն, 38-ամյա ֆուտբոլիստը դեռ չի հայտարարել հավաքականից հեռանալու մասին, ուստի իսպանացի մասնագետը պետք է ընտրություն կատարի՝ հրավիրել հավաքական կամակոր ավագին, թե հրաժարվել նրա ծառայություններից։