Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանկապարտեզ 1
A A
Պաշտոնական

Տարակարգ ստանալու հնարավորություն կընձեռվի նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգի նախագիծը:

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծով կարգավորվում են նշված հաստատությունների մանկավարժական աշխատողիների տարակարգի շնորհման և հավելավճար տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Մինչ այս նախադպրոցական կրթության բնագավառում տարակարգի ինստիտուտը ներդրված չի եղել, և այս ոլորտի մանկավարժական աշխատողներն այդ գործիքի միջոցով հավելավճար ստանալու հնարավորություն չեն ունեցել: Նոր կարգավորմամբ սահմանվում է տարակարգի եռաստիճան համակարգ` նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար:

Ովքեր կարող են դիմել

Տարակարգի համար կարող են դիմել նախադպրոցական հաստատության մեթոդիստի, դաստիարակի, երաժշտական դաստիարակի և ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնող մանկավարժական աշխատողները:

Տարակարգի բնութագրիչներն են՝

· զբաղեցրած պաշտոնին համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթությունը (կիրառելի է միայն առաջին աստիճանի տարակարգի համար դիմելու դեպքում),

· ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում որպես վերապատրաստող մասնագետ ներգրավված լինելը,

· վերջին հինգ տարվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

· վերջին երեք տարվա ընթացքում նախարարության կրթության պետական տեսչական մարմնի տեսչավորումների կամ արտաքին գնահատման արդյունքում լավագույն ցուցանիշներ ունենալը,

· վերջին երեք տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը,

· սաների կարիքների ճանաչում, ընտանիքի հետ համագործակցություն՝ անանուն հարցաթերթիկների միջոցով ծնողների կողմից մանկավարժական աշխատողի գնահատման արդյունքները,

· տվյալ ուսումնական տարվա տարեկան թեմատիկ պլանը (ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքների պլանավորում), ինչպես նաև տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած բոլոր պարապմունքների պլանները (պարապմունքների պլանների պահանջը մեթոդիստի դեպքում կիրառելի չէ),

· տարակարգի համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների բոլոր արձանագրությունները, դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի առնվազն 10 րոպե տևողությամբ տեսագրություն,

· ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ՝ մշակված անհատական զարգացման պլանի ներկայացում, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող սաների կրթման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն։

Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր

Մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ է մասնակցում տարակարգի շնորհմանը` ԿԳՄՍ նախարարին ուղղված իր դիմումի հետ միասին ներկայացնելով ներքոնշյալ փաստաթղթերը՝

· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

· մասնագիտական կրթությունը (միջին մասնագիտական կամ բարձրագույն) հավաստող փաստաթղթի պատճենը,

· տեղեկանք աշխատանքային վայրից,

· սահմանված բնութագրիչները հավաստող փաստաթղթերը,

· դաստիարակը տարակարգ ստանալու համար վերը նշված փաստաթղթերից բացի՝ ներկայացնում է նաև վերապատրաստման վկայական:

Տարակարգ շնորհելու մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, նախարարի հրամանով ձևավորված հանրապետական հանձնաժողովի կողմից՝ հիմք ընդունելով տարակարգի բնութագրիչները:

Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել` դիմում ներկայացնելով նախարարի անունով կամ դատական կարգով:

Հավելավճարի տրամադրում

Տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: Նշված ժամանակահատվածում ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին առաջին աստիճանի տարակարգի դեպքում հավելավճար է տրվում ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով, երկրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ 150 տոկոսի չափով, երրորդ աստիճանի դեպքում՝ 300 տոկոսի չափով: Հնգամյա ժամկետի ընթացքում տարակարգը պահպանվում է մանկավարժական աշխատողի՝ մի հաստատությունից մեկ այլ հաստատություն տեղափոխման դեպքում:

Նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողների համար տարակարգի շնորհումը նպատակ ունի ապահովել շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություններ` խրախուսելով ոլորտում աշխատակիցների վարձատրության բարելավումը, նոր և որակյալ կադրերի մուտքը համակարգ:

Հավելենք, որ ոլորտի մասնագետներն և շահագրգիռ քաղաքացիները կարող են առաջարկություններ ներկայացնել մինչև 2023 թ. հունվարի 13-ը: