Բացել լրահոսը Փակել լրահոսը
322958857_2057737621099171_2864091209861311503_n
A A
Քաղաքականություն

Լաչինի միջանցքը փակելը հետևանք է Արցախի կարգավիճակի չլուծված հարցի․ Արամ Սարգսյան

Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
 
Միշտ համարել եմ, որ տարին ամփոփելը քաղաքագետի կամ պատմաբանի խնդիր է, հիմա ուզում եմ ինքս անել, որովհետև 2022-ին կորուստների և փորձությունների մեջ լինելով՝ շատերս չենք արժևորել, թե ինչ աներևակայելի ճնշման ենք դիմակայել, իսկ տարվա վերջին հակադրվել։
 
Որովհետև ևս մեկ անգամ համոզվեցի՝ մեր ժողովուրդը դիմակայող, պայքարող, հրաշք ժողովուրդ է։ Մեր զինվորը այսօր մեր անվտանգության թիվ 1 երաշխավորն է, անհնարն ու հնարավորն անում է անկախության ու անվտանգության համար, ցավոք, նաև՝ կյանքի գնով: Մենք պայքարել ենք ռուս-թուրք-ադրբեջանական ահռելի մեքենայի դեմ ու չենք հանձնվել: ՀՀ իշխանությունը անհամար թերություններ ունի և քննադատելու ահռելի տարածք, բայց ինքնիշխանության խնդրում չենք կարող չընդունել, որ չի զիջել: Չի գնացել գործարքի, որով պետք է քիչը տար, շատը պահեր: Չի ասել` Արցախի խնդրի լուծողը միայն Ռուսաստանում է: Չի ասել՝ հայության փրկությունը Միութենական պետություն մտնելն է, Թաթարստանի կարգավիճակ ունենալը:
 
2022-ին մենք ՄԱԿ-ի ԱԽ երկու նիստով կարողացել ենք Հայաստանի ու Արցախի կենսական հարցերը ռուս-թուրք-ադրբեջանական փակուղուց (որտեղ մենակ ենք դիմադրում եռյակին) միջազգային ասպարեզ դուրս բերել, որտեղ ունենք իրական բարեկամներ: Մենք կարողացել ենք տարածաշրջան բերել ԵՄ դիտորդական առաքելությանը, որ Հարավային Կովկասն իրենցը համարող Մոսկվայի ու Անկարայի պայմանավորվածություններին ամենահակադիր քայլն էր։ Հայաստան այցելեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը, մեր բարեկամ Ֆրանսիայի առաջարկով Պրահայում կայացավ Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա եռակողմ հանդիպումը, որը ամրագրեց՝ սահմանազատումը կլինի 1992-ի Աստանայի համաձայնագրով հռչակված և ՄԱԿ-ում ճանաչված անկախ պետությունների սահմաններով։
 
Հայաստանը սկսել է ժամանակակից սպառազինություն գնել տարբեր երկրներից, բարեփոխում է բանակը՝ ըստ ժամանակակից չափանիշների… Ցանկը կարող եմ շարունակել, բայց ամենամեծ ձեռքբերումը համարում եմ Արցախում վերջին հանրահավաքը, որտեղ չկային ռուսական դրոշներ (Կոսովոն անկախություն ստացավ, երբ սկսեց պնդել, որ եվրոպական մոդելի պետություն է ուզում կառուցել և քաղաքակրթական ընդհանրություն չունի կիսասովետական Սերբիայի հետ)։ Արցախի մեր եղբայրների կոչը ՀՀ իշխանություններին, որ Հայաստանից ոչինչ չզիջեն, իրենք կդիմակայեն՝ ազգային միասնության լավագույն դրսևորում է։ Արցախցին կերտում է իր երկրում անվտանգ ապրելու ապագա, շրջափակման պայմաններում իր տոկունությամբ խնդիրը մղում է «Անջատում հանուն փրկության» տարբերակին։
 
Հայաստանի և Արցախի ժողովրդի դիմակայությունը ու հավաքական Արևմուտքի աջակցությունը արդյունքներ տվել են՝ Հայաստանը Բելառուսի պես ինքնիշխանությունը կորցրած, մարիոնետ պետություն չէ, Մեղրիով միջանցք չկա: Միայն դիմակայությունը և պայքարն են հաջողություն ապահովում։
Ոմանց կարծիքով Ադրբեջանի նախագահը ամենակարող է, Իլհամ Ալիևն էլ փորձում է հավատացնել, որ իր վրա որևէ զանգ չի կարող ազդել։ Ադրբեջանի նախագահը, կարծում եմ հասկացել է, որ ուժի գործադրմամբ հաղթանակը աշխարհը չի ընդունում: Կամ պետք է ընդառաջ գնա ժողովրդավար աշխարհին, կամ՝ դիրքավորվի իր հաղթանակին աջակցած ռուսական նավում։ Ադրբեջանում ամենամեծ ներդրումներ արած և բարեկամ Մեծ Բրիտանիայի պահվածքը լավագյն հիմնավորումն է, որ Ալիևը լրջագույն խնդիրներ ունի։
 
Նախ Բաքվում ՄԹ դեսպանը հայտարարում է՝ իր երկիրը կցանկանար, որ Լեռնային Ղարաբաղում լինեին միջազգային խաղաղարարներ, ՀՀ է գալիս բրիտանական Հատուկ ծառայության ղեկավարը, ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՄԹ ներկայացուցիչը խոսում է առանց նախապայմանների Լաչինի միջանցքը բացելու օգտին: ՄԹ թագավորական իրավական ծառայությունը մինչև 500 միլիոն ֆունտ ստեռլինգի կոռուպցիոն գործարք է բացահայտում, որում ներգրավված է Ալիևների ընտանիքը։ Բազմափորձ Եվրպան գիտի, թե ո՞րն է կոռումպացված դիկտատորներին ճնշելու ամենագործուն մեխանիզմը՝ նրանց անձնական ունեցվածքը վեր է պետության խնդիրներից: Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է ապահովի ոչ միայն Ուկրաինայի անկախությունը, այլև՝ Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, հետագայում նաև Բելառուսի։ ԱՄՆ կոշտ պահանջը ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանից ու Ռուսաստանից՝ մեկնաբանության կարիք չունի։ ԱՄՆ-ը համարում է, որ Լաչինի միջանցքը հետևանք է Արցախի կարգավիճակի չլուծված հարցի և նախատեսում է Փաշինյան-Ալիև հանդիպում։
 
Պապենական խոսք կա՝ Նոր տարին ինչպես դիմավորես, այնպես կանցկացնես։ Լավատեսությամբ ու հավատով Նոր Տարի տոնենք, ժողովուրդ ջան, դժվարություններին դիմակայենք ու պայքարենք, պահենք մեր արժանապատվությունը և ինքնիշխանությունը ու 2023-ը մեջքը շտկելու, հիմնարար ձեռքբերումների և խաղաղության տարի կդառնա։ Թող Ամենակարող Տերը Օրհնի հայությանը, Հայաստանը և Արցախը։