Պատրաստ են ոչ բոլոր մրցավարները
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն եւ 1-ին խմբի մրցաշարերին պատրաստվելու համար հանրապետության 30 մրցավարներ մասնակցել են ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված ուսումնամարզումային հավաքին:
Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց ՀՖՖ մրցավարական բաժնի պետ, նախկինում ՖԻՖԱ-ի մրցավար Կարեն Նալբանդյանը. «Հավաքին ընդգրկված բոլոր մրցավարները նախապատրաստական նորմալ շրջան են անցել: Սակայն առաջնության խաղերը ցույց կտան, թե նրանք որքանով են պատրաստ նոր մրցաշրջանին»:
Կարեն Նալբանդյանը կարծում է, որ հավաքն ավելի հագեցած կլիներ, եթե դրա ընթացքում մրցավարները ընկերական խաղեր սպասարկեին: «Ցավոք, մեր թիմերը շատ քիչ ստուգողական խաղեր անցկացրին այս տարի, քանի որ մեծ մասը հիմնականում գտնվում էին արտասահմանյան երկրներում: Այդ խաղերը մրցավարներին կօգնեին ավելի շատ փորձ ձեռք բերել»:
Ի դեպ, հավաքին մասնակցած 30 մրցավարներից 8-ը չեն կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստության թեսթը, իսկ մեկը անբավարար է ստացել տեսական քննությունից: «Այդ մրցավարները մարտի 7-ին նոր թեսթ պետք է հանձնեն: Նրանք մինջեւ չհանձնեն այդ քննությունները, չեն սպասարկի բարձրագույն եւ 1-ին խմբի խաղերը» - ասաց ՀՖՖ մրցավարական բաժնի պետը:
Վերջում նշենք, որ ՀՖՖ-ն վերջնական հրաժարվել է 2010 թ առաջնության խաղերը սպասարկած 4 մրցավարների ծառայություններից: Նրանք են Կամո Մահտեսյանը, Հակոբ Արտոյանը, Արարատ Շահինյանը եւ Վահան Մինասյանը: Իսկ ահա Տիգրան Հովսեփյանը իր ցանկությամբ ավարտել է մրցավարական գործունեությունը: