Բարեբախտաբար մենք այլևս մենակ չենք. Արամ Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գտնում է, որ Իլհամ Ալիևը Լաչինի հետ կապված այս իրավիճակը հաղթահարելու երկու տարբերակ ունի: Իր ֆեյսբուքյան էջում Սարգսյանը ներկայացրել է այդ երկու տարբերակները՝ ըստ իրեն.
«1. Չհակադրվելով միջազգային կարծիքին՝ գնալ Լաչինի միջանցքի խնդրի հանգուցալուծման, որոշակի դիվիդենտներ շահելով ապագա բանակցություններում։
2. Ավելի սրել իրավիճակը և միջազգային հանրության հետ մտնել կոշտ հակադրության դաշտ։ Համոզված եմ, որ ՌԴ-ն չի ուզում միակ հակադրվողը լինել աշխարհին և ամեն ինչ անելու է Ադրբեջանին նույն հարթություն ներքաշելու համար: Պուտին-Ալիև այսօրվա հեռախոսազրույցը, Լաչինի միջանցքը չհիշատակելով և միայն ՀՀ սահմաններից խոսելով, դրա հիմնավորումն է։ Կգնա՞ Իլհամ Ալիևը սրման, թե՞ ոչ ցույց կտա ժամանակը:
Ես կարծում եմ՝ չի գնա, որովհետև հասկանում է, որ 90-ականներին ՀՀ-ն փայլուն հաղթանակ ունենալով, չկարողացավ դիվանագիտական հարթության մեջ ամրագրել, ինքն էլ հաղթանակը հիմա ամրագրելու շատ լուրջ խնդիրներ ունի: Չնայած Ադրբեջանը ՄԱԿ-ի որոշումները ունենալով է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, բայց արել է նույն միջազգային օրենքների կոպիտ ու ամբողջական խախտումով` ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով, ինչն էլ աշխարհը չի ընդունում ու մերժում է։
Հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է պատրաստ լինեն զարգացման ցանկացած տարբերակին և օգուտներ քաղեն ցանկացած պարագայում, որի հնարավորությունը, միասնական և սթափ աշխատանքի դեպքում, անկասկած ունենք։ Բարեբախտաբար մենք այլևս մենակ չենք։ Թող Աստված օրհնի Հայաստանը և Արցախը»։