Բացել լրահոսը Փակել լրահոսը
տաթևիկ հայրապետյան
A A
Քաղաքականություն

Իլհամ Ալիևը տարածքային հավակնություններ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ․ Տաթևիկ Հայրապետյան

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մտավորականների հետ, որի ժամանակ տարածքային հավակնություններ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ։ Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

 

Նա մասնավորապես ասել է (հիմնական թեզերը մեջբերում եմ բառացի)

-«Արևմտյան Ադրբեջանը» մեր պատմական հողն է։ Դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով, հաստատվում է մեր պատմությամբ։

 

֊Կգա մի օր, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաները, թոռները կվերադառնան մեր պատմական երկիր ՝ Արևմտյան Ադրբեջան։ Ես վստահ եմ, որ այդ օրը գալու է, և վստահ եմ, որ արևմտյան ադրբեջանցիներն անհամբերությամբ և էնտուզիազմով կվերադառնան հայրենի հողեր և կապրեն այնտեղ։

 

֊20-րդ դարն այս առումով շատ մեծ ողբերգություններ բերեց մեր ժողովրդի համար։ 1918 թվականին նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն իր առաջին որոշումներից մեկում փաստացի Հայաստանին նվիրեց մեր պատմական քաղաքը` Իրավանը (Երևանը)։ Դա աններելի քայլ էր, դավաճանություն ու հանցագործություն էր։ Մենք բոլորս դա լավ գիտենք, և մեր ժողովուրդը պետք է դա իմանա։ Մենք երբեք չպետք է խեղաթյուրենք մեր պատմությունը

 

֊Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից և նրա միացումը Հայաստանին հերթական հանցագործությունն էր մեր ժողովրդի դեմ》։

 

Ալիևը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել պատմությունը, այլ նաև չի դադարեցնում իր հարևանների մասնավորապես Հայաստանի ու Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնել։

 

Երբ առավոտից երեկո ասում ենք, որ Արցախը հանձնելով ՀՀ֊ն չենք փրկի, հենց այս նկատի ունենք` Ադրբեջանի ախորժակն անսպառ է, ուստի ոչ թե պետք է քննարկենք ինչ զիջենք, այլ հասկանանք ինչպես աշխատենք, ինչ փոխենք, որ մեր պետությունը չկորցնենք։