Բացել լրահոսը Փակել լրահոսը
բրյուսել
A A
Քաղաքականություն

Բրյուսելում անցակցվել է բողոքի ցույց՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականությանը վերջ տալու պահանջով

Բելգիայի հայերի կոմիտեի, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախմբի և Բելգիահայ դեմոկրատների միության համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին Բրյուսելում անցակցվել է բողոքի ցույց՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականությանը վերջ տալու պահանջով։ Հայտնում է ՀՅԴ-ն։

Եվրոպական Միության իշխանության գործադիր մարմինների գլխավոր գրասենյակների կողքին՝ Շումանի անվան հրապարակում, անցկացված բողոքի ցույցի մասնակիցները Եվրոպական Միությունից պահանջել են՝

·         Ստիպել Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն բացել Բերձորի միջանցքը, երաշխավորել, որ այն նորից չի փակվի։

·         Ձեռնարկել շոշափելի քայլեր Արցախի բնիկ հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։

·         Ձեռնարկել դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների սեփականությունների նկատմամբ։

·         Ճանաչել Արցախի Հանրապետությունը և այնտեղ հաստատել հումանիտար գրասենյակ։

Անհապաղ կերպով ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելության  կարողությունները Հայաստանում։

Բողոքի ցույցին միացել էին բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ սենատորներ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորներ Կարլ Վանլաուեն, Ալեսիա Կլաեսը և Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բյուսը։ Նրանք բոլորը դատապարտել են ադրբեջանական պետության կողմից Արցախ տանող միակ ճանապարհի արգելափակումը, որը դեկտեմբերի 12-ից հանգեցրել է բնակչության լիակատար մեկուսացման։ Նրանք բոլորը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պայքարելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար։