Էլինա Դանիելյանը միանձնյա առաջատար
Էլինա Դանիելյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Դոհայում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկությունում եւ շարունակում է գլխավորել աղյուսակը:
3-րդ տուրում նրա մրցակցուհին Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատույագ Մունգունթուլն էր:
Սեւերով հանդես եկող Էլինան շատ արագ որակական առավելություն ստացավ եւ արդեն 36-րդ քայլին հաղթանակի հասավ: Նրան համաքայլ ընթացող վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեն այս տուրում պարտվեց Մարթա Ֆիերոյին եւ ետ մնաց:
Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով մրցեց ֆրանսուհի Մարի Սեբագի հետ: Մեր շախմատիստուհին վերջնախաղում չնայած նյութական առավելություն ստացավ, սակայն մրցակցուհին հավերժական շախերի օգնությամբ ստիպեց հաշտություն կնքել: Երեք տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 1 միավոր եւ առայժմ բաժանում է 8-12-րդ տեղերը:
4-րդ տուրում Էլինա Դանիելյանը կհանդիպի Նանա Ձագնիձեի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն: