Բացել լրահոսը Փակել լրահոսը
կալյուրանդ
A A
Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղը գազ մատակարարող խողովակաշարի խափանման մասին տեղեկատվությունը խիստ մտահոգիչ է․ Մարինա Կալյուրանդ

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ․
 
«Լրջորեն մտահոգված եմ դեկտեմբերի 3-ին, իսկ այնուհետև՝ դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունների և ենթադրյալ բնապահպան-ցուցարարների ձեռնարկած գործողություններով, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող, շրջանի հայ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհի փակմանը։
 
Ավելին, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող՝ Լեռնային Ղարաբաղը գազով մատակարարող խողովակաշարի խափանման մասին տեղեկատվությունը խիստ մտահոգիչ է և էլ ավելի է մեծացնում հումանիտար լուրջ հետևանքների վտանգը:
 
Ինչպես գիտենք, Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը կատարել այդ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ հռետորաբանության առումով։
 
Եվս մեկ անգամ ընդգծում եմ համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ամուր երաշխիքներ կապահովի։ Հորդորում եմ անհապաղ վերսկսել ԵՄ աջակցությամբ ամենաբարձր մակարդակով բանակցությունները և թուլացնել իրավիճակի լարվածությունը»։