Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 14.12. (1)
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 20-րդ օր. աշխարհի չեմպիոնները ընդդեմ «Ատլասյան առյուծների»

Քաթարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենա կիսաեզրափակիչ երկրորդ խաղը: Աշխարհի գործող չեմպիոնը՝ Ֆրանսիայի հավաքականը, կհանդիպի այս մրցաշարի ամենամեծ անակնկալի հեղինակի՝ Մարոկոյի ընտրանու հետ: Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին:

Ֆրանսիայի հավաքականը քառորդ եզրափակիչ փուլի արգելքը մեծ դժվարությամբ հաղթահարեց, ընդ որում՝ ի հաշիվ Անգլիայի ընտրանու ավագ Հարի Քեյնի չիրացրած 11մ հարվածի․  հակառակ դեպքում հարց է, թե ով կհաղթեր այդ խաղում, եթե անգլիացիներին հաջողվեր հավասարեցնել հաշիվը՝ 2:2:

Սակայն, փաստը մնում է փաստ, որ աշխարհի գործող չեմպիոնները փլեյ-օֆֆում պարտադիր երկու գոլ խփում են մրցակիցներին: Արդյո՞ք դա կհաջողվի Մարոկոյի ընտրանու հետ խաղում, դժվար է գուշակել:

Խնդիրը կայանում է նրանում, որ մարոկացիները նախորդ հինգ խաղերում բաց են թողել ընդամենը մեկ գոլ, ընդ որում դա արել է ոչ թե մրցակցի ֆուտբոլիստը, այլ թիմի պաշտպան Նայեֆ Ագուերը, որը Կանադայի հետ խաղում գրավել է սեփական դարպասը: Մնացած դեպքում «Ատլասյան առյուծները» (այդպես են անվանում Մարոկոյի հավաքականի ֆուտբոլիստներին՝ երկրում գտնվող Ատլասի լեռների համար), անառիկ են պահել իրենց սեփական դարպասն այնպիսի թիմերի հետ խաղերում, ինչպիսիք են Խորվաթիան, Բելգիան, Իսպանիան և Պորտուգալիան: Դա, իհարկե, աննախադեպ արդյունք է, քանի որ վերը նշված հավաքականները ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում գտնվում են առաջին 12 հորիզոնականներում և համարվում են բարձրակարգ թիմեր: Ճիշտ է, Մարոկոյի հավաքականն այդ աղյուսակում զբաղեցնում է 22-րդ տեղը:

Ի դեպ, նախկինում երկու երկրների հավաքականները հանդիպել են 7 անգամ: Դրանցից չորսն ավարտվել են ոչ-ոքի, ընդ որում երկու դեպքում նշանակվել են 11մ հարվածաշարեր, որոնցում հաղթել են ֆրանսիացիները: Մնացած երեք խաղերը կրկին ավարտվել են «եռագույնների» առավելությամբ: Կողմերի վերջին մրցակցությունը կայացել է 2007 թվականին: Ընկերական այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2:

Հարկ է նշել, որ թիմերը կադրային կորուստներով են մոտենում հանդիպմանը: Ֆրանսիայի հավաքականից այսօր խաղը բաց կթողնի գերմանական «Բավարիայի» պաշտպան Լուկաս Էրնանդեսը: Հարցականի տակ են նաև նրա ակումբակից Դայոտ Ուպամեկանոյի և «Յուվենթուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի մասնակցությունը:

 

Մարոկոյի ընտրանուց խաղը բաց կթողնի իտալական «Բարիի» հարձակվող Վալիդ Չեդիրան, որը կարմիր քարտ է ստացել Պորտուգալիայի հետ խաղում: Թեթևակի վնասվածքներ ունեն թիմի առաջատար պաշտպաններ Նայեֆ Ագուերը, Ռոման Սաիսը և կիսապաշտպան Հակիմ Զիյեշը:

 

Նշենք, որ բուքմեյքերները Ֆրանսիայի հավաքականին ընդգծված ֆավորիտ են համարում այս խաղում, որի հաղթանակը գնահատում են 1,55 գործակցով: Մարոկացիների հաղթելու շանսը, ըստ նրանց, կազմում է 7,00 գործակից: