Ծեծի եւ … «Կալաշնիկովի» օգնությամբ
Պարագվայցի ֆուտբոլիստ Ռոկե Սանտա Կրուսը բացահայտել է իր նախկին թիմի` Ասունսիոնի «Օլիմպիայի» հաջող ելույթների գաղտնիքը:
Ինչպես տեղեկացրել է 29-ամյա հարձակվողը, «Օլիմպիայի» նախկին նախագահ Օսվալդո Դոմինգես Դիբը ծեծում էր ֆուտբոլիստներին, եթե թիմը պարտություն էր կրում:
«Այն ֆուտբոլիստը, որի խաղը դուր չէր գալիս նախագահին, հրավիրվում էր նրա ավտոմեքենա, եւ նա մյուս խաղացողների աչքի առաջ սկսում էր ապտակներ հասցնել»,- պատմել է «Բավարիայի» նախկին հարձակվողը, ով այժմ հանդես է գալիս անգլիական «Բլեքբեռնում»:
Ռոկե Սանտա Կրուսը նաեւ ավելացրել է, որ «Օլիմպիայի» նախկին ղեկավարը սիրում էր ֆուտբոլիստներին վախեցնել իրեն պատկանող ... «Կալաշնիկով» ինքնաձիգով:
Հարկ է նշել, որ Օսվալդո Դոմինգես Դիբը համարվում է «Օլիմպիայի» ամենահաջողակ նախագահը: Նրա ղեկավարության օրոք (1979-1991, 1995-2004 թթ) թիմը տիրել է 8 միջազգային գավաթի, 13 անգամ դարձել երկրի չեմպիոն: