Լեոնարդոն դեռեւս լավատես է
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լեոնարդոն չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը բացատրել է վտանգավոր պահերը չիրացնելու հանգամանքով: «Իմ սաները 6 գոլային պահեր պարզապես չիրացրեցին» ,- խաղից հետո ասել է բրազիլացի մասնագետը: Սակայն նա միաժամանակ խոստովանել է, որ մրցակիցը ավելի շատ է տիրել գնդակին եւ տարածքային առավելություն է ունեցել:
Երեկ կայացած չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Ինտեր» - «Բավարիա» առաջին հանդիպումն ավարտվել է գերմանական թիմի հաղթանակով 1:0, ընդ որում հյուրերը միակ գոլը խփել են հանդիպման վերջին րոպեին:
Հաջորդ փուլ մտնելու համար գործող գավաթակիրը պատասխան խաղում պետք է հաղթի 2:1 եւ ավելի խոշոր հաշվով: «Մյունխենում էլ ավելի դժվար կլինի հաղթել «Բավարիային», բայց մենք դեռ ունենք նման շանսեր» ,- հայտարարել է դեռեւս լավատեսորեն տրամադրված բրազիլացի մարզիչը: