Բացել լրահոսը Փակել լրահոսը
130517747_1266443063721401_5643483409588387543_n
A A
Հասարակություն

«Փլատակների տակ, ես լսում էի, թե մարդիկ ինչպես են հոգոց հանում, լաց լինում, մահանում․․․ինձ գտան սապոգներիս շնորհիվ»․ ԳԱԼԱ

Լրագրող, դերասան Արմեն Աբիսողոմյանը ԳԱԼԱ-ին է պատմել իր հուշերը՝ կապված 88-ի  դեկտեմբերի 7-ի հետ, որը, նրա խոսքերով, երկփեղկել է իր կյանքը… առաջ ու հետո: Շատ բան է փոխել աղետը իր կյանքում, անջնջելի հետք թողել իր մանկական հիշողություններում: Իսկ դրանք անասելի ծանր են:

«Կյանքիս մեջ առաջին անգամ էի լաց լինում, որ դպրոց չգնամ այդ օրը: Երբ որ սկսվեց սարսափելի երկրաշարժը, ճիշտն ասած, ոչ մեկս չհասկացավ, թե ինչ է կատարվում: Դասղեկս նայեց պատուհանից ու ասաց՝ մի՛ խառնվեք իրար, նստեք, երևի միտինգի ժողովուրդն է վազում: Թե ինչու էր նա այդ տպավորությունը ստացել, չգիտեմ: Ստիպեց, որ չշարժվենք ու նստած մնանք: Ինքը տարօրինակ հայացքով նայում էր պատուհանից: 16 դպրոցը, որքան գիտեմ, նախկին զինվորական հոսպիտալն էր եղել և կառուցված էր շատ մեծ քարերով:  Ու երբ որ ինքը ասում էր՝ մի՛ շարժվեք, երեխաներ, նստեք, ես տեսա, թե ինչպես շատ մեծ քար պոկվեց ու ընկավ իր գլխին…

 

Երրորդ դասարան, փոքր երեխաներ… բոլորս մտանք սեղանների տակ: Բայց դա չփրկեց: Աղմուկ, լաց-աղաղակ… առաջին ցնցումը և շենքը փլվեց, ուսուցչուհիս աչքիս առաջ մահացավ: Ես սեղանի տակ էի, երբ հաջորդեց երկրորդ ցնցումը: Երկրորդ ցնցումից հետո հայտնվեցինք անդունդում: Սարսափ կինո էր հիշեցնում այդ ամենը:

Ամենատարօրինակն այն էր, որ ոտքերս դուրսն էին մնացել: Գլուխս քարերի տակ, ձեռքերս քարերի տակ, ոտքերս՝ դուրսը: Հիշում եմ, որ երկրաշարժից երկու օր առաջ հայրս նոր սապոգներ էր գնել՝ ռուսական զինվորական խանութից: Շենքի կողքով անցնող-դարձողը քաշքշում էին ոտքերիցս, որ հանեն, բայց ոչ մի կերպ հնարավոր չէր: Երևի արդեն 3-4 ժամ անց ես մի ձեռքով շիֆերի կտորով անցք էի բացել ու այդտեղից տեսնում էի, որ մարդիկ վազում են, լաց են լինում: Ներքևում էլ ինձ հետ միասին շատ երեխաներ կային:

Այդտեղ՝ փլատակների տակ, ես լսում էի, թե մարդիկ ինչպես են հոգոց հանում, լաց լինում, մահանում…

9 տարեկան ես, բայց հասկանում ես, որ կողքիդ աղջիկը, որի հետ խոսում ես՝ մահացել է: Շատ տարօրինակ էր, որ մի աչքով տեսա, որ մյուս կողքիս աղջիկը հանգիստ կանգնեց, շորերը թափ տվեց  փոշիներից ու գնաց… Ես լաց եմ լինում, ասում եմ՝ Մարիամիկ, ինձ էլ հետդ տար…

Ընդամենը մեկ չորս ունեի: Մտածում էի երևի սկզբից փլատակների տակից դուրս կբերեն գերազանցիկներին, հետո հարվածայիններին (ծիծաղում է): Մտածում էի՝ մեկ չորս ունեմ, ինձ ուշ կհանեն երևի:  Տրավմա էր դա… Աղետից հետո ես 4 գնահատականը չսիրեցի…

Պապաս աշխատում էր փոստում: Իր աշխատողների հետ միասին գալիս են ինձ ու եղբորս փնտրելու: Ես պարբերաբար ուշագնաց էի լինում: Աղոտ եմ հիշում որոշ դրվագներ: Այնքան էին քաշել ոտքերս, որ ցավում էր սարսափելի: Հիշում եմ, որ մի ոտքով խփում էի մարդկանց, ովքեր քաշում էին ինձ: Ասում էի՝ թողեք, հնարավոր չէ դուրս բերել: Գլուխս քարերի տակ էր…

Պապայիս աշխատողները գոռում էին՝ Արմեն, Արմեն… ես պատասխանում էի նրանց, բայց իրենք չէին լսում իմ ձայնը: Ու հանկարծ աշխատողներից մեկն ասում է՝ Էդիկ, սա Արմենի սապոգներն են, միասին ենք առել էս սապոգները:

Ու այդ սապոգների շնորհիվ ծնողներս գտան ինձ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։