«Մեր գործարարները գիշատիչ կենդանիներ են»
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանին խորհուրդ է տալիս նախքան հայտարարությունները ծանոթանալը վիճակագրական տվյալներին:
Իսկ պարոն Մակարյանն այսօր հայտարարել է, թե շաքարավազը Հայաստանում պետք է թանկանար դեռեւս 2010թ., սակայն դա տեղի չունեցավ ներկրողների «բարի կամքի» շնորհիվ. «Պետք է վաճառվեր 340 դրամով, սակայն վաճառվել է 305-ով»:
«Պարոն Մակարյանը մոռանում է, որ իր նշած ժամանակահատվածում Հայաստանում 1 կգ. շաքարավազը մաքսազերծվել է 31 ցենտով: Այդ պայմաններում` շաքար ներկողը ոչ թե բարեհաճ վերաբերմունք է ցուցաբերել մեր նկատմամբ, այլեւ մեր գրպանից փողեր են հանել: 31 ցենտով ներկրելու դեպքում, շաքարավազի գինը, եթե 305 դրամ է եղել, ապա գերշահույթ են ստացել եւ այստեղ «բարի կամքի» մասին խոսք լինել չի կարող»:
Վահագն Խաչատրյանը հարկ համարեց հիշեցնել, որ բիզնեսը երբեք «բարի կամք» չի դրսեւորում, առավել եւս Հայաստանում. «ՀՀ-ի պայմաններում մեր բիզնեսմեն կոչեցյալները գիշատիչ կենդանիներ են, որոնց ուղեղները միայն մեկ ուղղությամբ է աշխատում` մարդկանց գրպանները մտնել եւ շատ փող տանելը»:
Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում շաքարավազի շուկայի 99 տոկոսը վերահսկում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, պարոն Խաչատրյանն ասաց. «Գագիկ Մակարյանն ավելի լավ կանի խոսի Հայաստանի տնտեսության օլիգարխիկ մոնոպոլ վիճակի մասին: Այդ «բարի կամքը» դրսեւորել են ոչ թե մեր` քաղաքացիներիս նկատմամբ, այլեւ` ներկրողների նկատմամբ: Կոնկրետ տվյալ դեպքում` Սամվել Ալեքսանյանի նկատմամբ: Եթե շաքարավազի ներկրողը լիներ պարոն Մակարյանը, եւ նա չունենար իշխանությունների հովանավորությունը, ապա նրա համար շաքարը կմաքսազերծեին ոչ թե 31 ցենտով, այլ` 131 ցենտով»: