
Հանուն կանաչ տնտեսության. 10 տարին ամփոփելու ժամանակը
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսիում նշում են «Արևելյան գործընկերության տարածաշրջանում «Քաղաքապետերի դաշնագրի» 10-ամյակը:
«Քաղաքապետերի դաշնագիր» (ՔԴ) նախաձեռնությունը կլիմայի և էներգիայի բնագավառում տեղական գործողությունների աշխարհի ամենամեծ շարժումն է:
55 երկրների 11000-ից ավելի տեղական և տարածաշրջանային իշխանություններ միացել են դաշնագրին՝ կամավոր հանձնառություն ստանձնելով իրականացնել կլիմայի և էներգիայի բնագավառում ԵՄ նպատակները:
Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի վեց երկրների, ներառյալ Հայաստանի համայնքապետարանները եւս կամավոր պարտավորվել են նվազեցնել CO2 արտանետումները և մեղմել կլիմայի փոփոխությունները տեղական մակարդակում:
«Ես անչափ ուրախ եմ տեսնել, որ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունն Արևելյան գործընկերության տարածաշրջանում պատրաստ է իր նպաստը բերել գլոբալ տաքացումը մինչև 1,5°C-ով սահմանափակելու նպատակին: Մինչև 2030 թվականը արտանետումները 35%-ով կրճատելու հավակնությունը ցույց է տալիս, որ ձեր համայնքային իշխանություններն իսկապես լուրջ են մոտենում այս մարտահրավերին: Արևելյան գործընկերության տարածաշրջանն՝ ի դեմս 460 ստորագրող կողմերի, առաջատար և հիանալի օրինակ է տեղական իշխանությունների համար ամբողջ աշխարհում», - նշեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։
Նոյեմբերի 29-30-ը մասնակիցները ամփոփելու են Դաշնագրի առաջընթացը, քննարկելու հիմնական խոչընդոտներն ու խնդիրները:
Միջոցառմանը մասնակցում են տեղական և ազգային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ասոցիացիաների և այլ շահառուների ավելի քան 150 ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև ԵՄ կառույցներից և ԵՄ անդամ երկրներից:
«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միացած համայնքների թիվը Հայաստանում 28-ի է հասնում։
Ըստ «Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանի՝ սա էական թիվ է, քանի որ այս համայնքներում բնակվում է Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը։
«Ինչումն է ՔԴ խնդիրը․․․Տեղական իշխանությունները ազգայինների նման ստանձնում են CO2 աղտոտվածության կրճատման հանձնառություն, հետեւաբար բնակչության թիվը արդեն նշանակալի է: Ինչքան մեծ բնակչություն է ներգրավվում, նշանակում է, այդքան մեծ է շահառուների թիվը»,-ասաց նա։
Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի 10-ամյակի հետ մեկտեղ միջոցառումը նաև կնշանավորի «ՔԴ՝ Արևելք» ծրագրի երրորդ փուլի մեկնարկը, որն իր աշխատանքը սկսել է ընթացիկ տարվա սկզբին:
2014 թվականից մինչև 2021 թվականը նախաձեռնության շրջանակներում իրականացվել է «Քաղաքապետերի դաշնագրի» 33 ցուցադրական նախագիծ՝ շուրջ 38.5 մլն եվրո ընդհանուր բյուջեով։