Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կադրեր և մանրամասներ ՀԱՊԿ գագաթնաժողովից, որոնք դուրս են մնացել ուղիղ եթերներից (տեսանյութ)

  ՀԱՊԿ գագաթնաժողովն ու կազմակերպության տարբեր կառույցների համատեղ նիստը լրագրողների համար սկսվեց առավոտյան ժամը 9․30-ին եւ ավարտվեց կեսգիշերն անց։  

Լրագրողները չէին կարող սեփական փոխադրամիջոցներով հասնել նիստի անցկացման վայր՝ Դվին հյուրանոցային համալիր։  Նրանց տեղափոխեցին հատուկ ավտոբուսներով․ ճանապարհները փակ էին բոլորի համար։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում՝ անվտանգության խիստ միջոցառումների արդյունքում լրագրողների տեղաշարժը սահմանափակված էր նաեւ նիստի անցկացման վայրում։

Բացի հայկական լրատմաջոցների ներկայացուցիչներից  լուսաբանում էին  Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից ժամանած լրագրողները։ Կային նաև ֆրանսիական և արաբական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար տրամադրվում է առանձին սենյակ, որտեղ նրանք հնարավորություն են ունենում աշխատելու, նաև հեռուստաէկրանների միջոցով ուղիղ եթերով հետևելու գագաթնաժողովին։  Ի դեպ, այս միջոցառման ընթացքում ուղիղ եթերը խափանվեց և արձանագրվեց տեխնիկական խոտան։  Լրագրողներին ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցների հետ  հարցազրույցներ անել չհաջողվեց։ Ղազախ լրագրողը, չկարողանալով գտնել որևէ պաշտոնյայի հարցազրույց վերցնելու համար, հարցազրույց արեց ռուս լրագրողի հետ։

Գագաթաժողովի մասնակիցներին տեսնելու հնարավորությունը մինչ միջոցառման մեկնարկն էր, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության քարտուղարների դիմավորումը։ Պաշտոնյաները մինչև երկու րոպեի տարբերությամբ ժամանում էին նախատեսված սրահ, որտեղ նրանց դիմավորում էր Հայաստանի ԱԳՆ Արարատ Միրզոյանը։  Բացառություն կազմեց Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մոտ 15 րոպե սպասեցնել տվեց իր մյուս գործընկերներին։

Ժամը 13․00ին նախատեսվում էր  Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ դեռ գործող գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի համատեղ հայտարարությունը։

Անցավ 30 րոպե, պաշտոնյաները դեռ չկան․․․, անցավ ևս մեկ ժամ, լրագրողներն ու օպերատորները դեռևս սպասում էին հայտարարությանը։  Երկու ժամ անց հայտնի դարձավ, որ հայատարարություն չի լինելու և լրագրողները պետք է տեղափոխվեն իրենց համար նախատեսված սենյակ։

Օպերատորները տեղափոխվեցին մեկ այլ սրահ, որպեսզի նկարահանեն, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ժամանում Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև դիմավորում ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարներին։

Այդ սրահ լրագրողների մուտքը արգելված էր․․․ Այստեղ էլ ամեն ինչ սկսվեց նախատեսվածից կես ժամ ուշ։

Ժամանումից հետո օպերատորները նկարահանեցին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ լուսանկարվելու պահը և վերադարձան  իրենց համար նախատեսված սենյակ։ Մնացածն արդեն փակ դռների հետեւում էր։