Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_038A0811
A A
Պաշտոնական

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ է ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախարարությունը համակարգում է ոլորտների բավականին լայն շրջանակ՝ նախադպրոցական կրթությունից մինչև սպորտ, և հետևաբար յուրաքանչյուր ընտանիք առնչվում է ԿԳՄՍ նախարարության աշխատանքների հետ:

Նախարարն ընդգծել է բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հաստատման հնարավորությունը, մասնավորապես՝ փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով: Վահրամ Դումանյանը կարևորել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսական կրթության ուղղությամբ հայ-կանադական հնարավոր փոխգործակցության հարցերը:

Նախարարն անդրադարձել է Կանադայի միջազգային զարգացման գործակալության (CIDA) կողմից կրթության և երիտասարդության ոլորտում Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հաստատման կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրա կարևոր բաղադրիչներից մեկը միջազգայնացումն է: Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանի և Կանադայի միջև տեղի են ունեցել դրական զարգացումներ, և Երևանում Կանադայի դեսպանատան բացումը կնպաստի այդ հարաբերությունների առավել սերտացմանը:

Դեսպանը նշել է, որ Կանադան ցանկանում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և բարգավաճմանը, իսկ այդ նպատակներին հասնելու համար կրթությունը մեծ դեր ունի: Նրա խոսքով՝ Կանադայի կրթական համակարգն աշխարհում լավագույններից է. այն ունի ճանաչված և մրցունակ բուհեր, հետազոտական հաստատություններ ու բավականին ճկուն ծրագրեր ՄԿՈՒ ոլորտում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Դեսպանն

առաջարկել է դիտարկել հնարավոր համագործակցությունը ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև վերապատրաստումների և հավաստագրման ուղղություններով՝ ինստիտուցիոնալ գործընկերության ու փորձի փոխանակման հնարավորությամբ:

Վահրամ Դումանյանը վերահաստատել է ՄԿՈՒ ոլորտում համագործակցության հնարավորությունը՝ ընդգծելով, որ այն մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, և ներկայում այդ ուղղությամբ իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ: Որպես համագործակցության հաջողված օրինակ՝ Վահրամ Դումանյանը մատնանշել է Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ֆրանսիական մոդելի տեղայնացման փորձը՝ ակնկալելով նմանօրինակ գործակցության հնարավորություն նաև Կանադայի գործընկերների հետ, այդ թվում՝ մեր հայրենակիցների մասնակցությամբ:

Նախարարը բարձրաձայնել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ Կանադայի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ