Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+anglia
A A
Սպորտ

Անգլիան 6:2 հաշվով ջախջախեց Իրանին. Կատար-2022

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1-ին տուրում Անգլիայի հավաքականը հանդիպեց Իրանի ազգային թիմի հետ։ Խաղն անցավ անգլիացիների բացահայտ առավելությամբ և ավարտվեց նրանց խոշոր հաղթանակով՝ 6:2:

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Անգլիայի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ 43-րդ րոպեին հարձակվող Բուկայո Սական ամրապնդեց առավելությունը, իսկ ավելացված ժամանակի առաջին րոպեին Ռահիմ Ստերլինգը հաշիվը դարձեց 3:0:

Ընդմիջումից հետո, 62-րդ րոպեին, Սական դուբլի հեղինակ դարձավ։ Երեք րոպե անց իրանցի հարձակվող Մեհդի Տարեմին պատասխան առաջին գոլը խփեց: Խաղի 71-րդ և 90-րդ րոպեներին անգլիացիներից աչքի ընկան փոխարինման մտած հարձակվող Մարկուս Ռեշֆորդն ու կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը։ Հանդիպման ավելացված ժամանակի 13-րդ րոպեին Տարեմին դուբլ գրանցեց՝ իրացնելով 11 մետրանոցը:

Անգլիայի հավաքականը առաջին խոշոր հաղթանակը գրանցեց առաջնությունում և երեք միավորով սկսեց գլխավորել B խմբի աղյուսակը։ Այս խմբի երկրորդ խաղում այսօր իրար հետ կհանդիպեն ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները։