Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+katar 20.11.
A A
Սպորտ

Այսօր մեկնարկում է 220 մլրդ դոլար արժողության աշխարհի առաջնությունը՝ Կատար-2022-ը (տեսանյութ)

Այսօր Կատարում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Այն բավական սիմվոլիկ առաջնություն է: Նախ, 2022 թվականին անցկացվում է թվով 22-րդ առաջնությունը: Երկրորդ, առաջնությունն առաջին անգամ անցկացվում է աշնան և ձմռան ամիսներին: Երրորդ՝ Կատարն աշխարհի առաջնություն ընդունող ամենափոքր տարածք և քիչ բնակչություն ունեցող երկիրն է: Ամենագլխավորը՝ առաջնության կազմակերպիչները նախապատրաստության համար ավելի շատ գումար են ծախսել, քան նախորդ 21 առաջնությունները միասին վերցրած: Այն կազմել է մոտ 220 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018թ աշխարհի առաջնության նախապատրաստման համար Ռուսաստանը ծախսել էր 14,2 մլրդ դոլար:

220 մլրդ դոլարից 10-ը հատկացվել է 8 մարզադաշտերի կառուցմանը, իսկ ահա մնացածը ծախսվել են նոր հյուրանոցների, մետրոյի կայարանների, ճանապարհների, օդանավակայանների և այլ անհրաժեշտ շինությունների կառուցման համար:

Աշխարհի բուն առաջնության կազմակերպման բոլոր ծախսերը կհոգա ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն: Այն կկազմի 1,7 մլրդ դոլար: Չնայած նման ծախսերին, ՖԻՖԱ-ն ակնկալում է ստանալ մոտ 3 մլրդ դոլար շահույթ:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավանդույթի համաձայն կմեկնարկի տանտերերի մասնակցությամբ խաղով: Կատարի հավաքականը բացման խաղում կընդունի Էկվադորի ընտրանուն: Այն կսկսի Երևանի ժամանակով 20:00-ին:

Կատարցիներն առաջին անգամ են մասնակցում աշխարհի առաջնությանը, դրա համար նրանց համար ամեն ինչ առաջինը կլինի այդ խաղում՝ խփած կամ բաց թողած գոլը, վաստակած միավորը, հարվածը դարպասին, անկյունայինը և այլն: Կատարի հավաքականը հոկտեմբեր-նոյեմբերին ամիսներին անցկացրել է 4 ընկերական հանդիպում, որոնցում տարել է նույնքան հաղթանակ: Ի դեպ, կատարցի ֆուտբոլիստները պարտության են մատնել նաև Ալբանիայի հավաքականին, որը երեկ 2:0 հաշվով հաղթել է Հայաստանի ընտրանուն:

Էկվադորի հավաքականը 4-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը, ընդ որում բոլորն էլ 21-րդ դարում: Էկվադորցիները նույնպես չեն սիրում պարտվել: Թիմն անցկացրած նախորդ 10 հանդիպումներում կրել է ընդամենը մեկ պարտություն, այն էլ հարավամերիկյան գոտու հետնապահներից մեկից՝ Պարագվայից: Իսկ ահա Բրազիլիայի և Արգենտինայի հետ խաղերն ավարտել է ոչ-ոքի: Ընդհանրապես, էկվադորցիները շատ հաճախ են ոչ-ոքի խաղում, ինչը դարձել է թիմի առանձնահատկությունը: Մասնավորապես՝ նրանց կատարմամբ ընկերական վերջին երեք խաղերն ավարտվել են 0:0 հաշվով:

Բուքմեյքերներ կարծիքով աշխարհի առաջնության բացման խաղի ֆավորիտը Էկվադորի ընտրանին է, որի հաղթելու հավականությունն 1,5 անգամ բարձր է գնահատվում տանտերերի հնարավորությունից: Նշենք, որ Կատար – Էկվադոր խաղը կվարի Իտալիայի մրցավարական խումբը՝ Օրսետո Դանիելեի գլխավորությամբ: