Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+albania
A A
Սպորտ

Այսօր՝ Ալբանիա-Հայաստան. հանդիպում Եվրոպայի ամենասկանդալային հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընկերական խաղ կանցկացնի Ալբանիայի ազգային թիմի հետ: Հանդիպումը կկայանա Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում, որտեղ մեկ տարի առաջ մեծ սկանդալ է արձանագրվել:

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Ալբանիա – Լեհաստանի խաղի 77-րդ րոպեին, երբ հյուրերին հաջողվել է բացել հաշիվը, տեղի երկրպագուները շշերի իսկական տարափ են տեղացել լեհ ֆուտբոլիստների վրա: Մրցավարը ստիպված ընդհատել է խաղը և թիմերին ուղարկել հանդերձարան: Երկարատև բանակցությունից հետո խաղը վերսկսել է: Լեհերը նվազագույն հաշվով հաղթել են, և տանտերերին 2-րդ անցումային տեղից իջեցրել են 3-րդ հորիզոնական: Ալբանիայի հավաքականն արդյունքում դուրս է մնացել Կատար-2022-ի աշխարհի առաջնությունից:

2020թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ալբանացիներն իսկական սկանդալ են հրահրել Ֆրանսիայի հետ արտագնա խաղին: Հանդիպման սկզբում կազմակերպիչները սխալմամբ հնչեցրել են Անդորայի հիմնը: Դա այն աստիճան է զայրացրել ալբանացի ֆուտբոլիստներին, որ նրանք հրաժարվել են խաղալ՝ պահանջելով անպայման հնչեցնել երկրի հիմնը: Ի դեպ, այն երկու անգամ է կատարվել, քանի որ առաջինից հետո մարզադաշտի հաղորդավարը սխալմամբ ներողություն է խնդրել ոչ թե Ալբանիայի, այլ ... Հայաստանի հավաքականից: Զայրացած հյուրերը ֆրանսիացիներից կրկին պահանջել են ուղղել սխալը:

Չմոռանանք նաև Եվրոպայի 2016թ առաջնության ընտրական փուլը, երբ ալբանացի երկրպագուները Սերբիա – Ալբանիա խաղի ժամանակ սադրանք էին կազմակերպել՝ դրոնով խաղադաշտ իջեցնելով Մեծ Ալբանիայի դրոշը: Դրանից հետո մարզադաշտում անկարգություններ են սկսվել և խաղն անավարտ էր մնացել: ՈՒԵՖԱ-ն ի վերջո տեխնիկական հաղթանակ է գրանցել Ալբանիայի ընտրանու օգտին, որի շնորհիվ այն առաջ է անցել Պորտուգալիայի հավաքականից և նվաճել է Եվրո-2016-ի ուղեգիր:

Այժմ Ալբանիայի հավաքականն իր պատմության ամնաանհաջող ժամանակաշրջաններից մեկն է ապրում: Այս տարի ալբանացի ֆուտբոլիստները դեռ հաղթանակ չեն տարել: Ավելին, նրանք պարտություն են կրել սեփական դաշտում անցկացրած վերջին երկու ընկերական խաղերում՝ զիջելով Կատարին (0:1) ու Իտալիային (1:3): Երրորդ սայթաքումը, ինքնին, չի ներվի թիմի գլխավոր մարզիչ Էդոարդո Ռեյային: Իտալացի մասնագետի միակ փրկությունը հաղթանակն է:

Պետք է նշել, որ Ալբանիայի հավաքականն անհարմար մրցակից է մեր ընտրանու համար: Նախորդ երեք խաղերում ալբանացի ֆուտբոլիստները հաղթանակ են տարել, այդ թվում երկուսը՝ սեփական դաշտում: Հայաստանի հավաքականի համար Տիրանան առայժմ համարվում է «անմատչելի» քաղաք: Հավանաբար դա է պատճառը, որ բուքմեյքերներն ավելի շատ հավատում են Ալբանիայի հավաքականի հաղթանակին՝ 1,50 գործակիցն ընդդեմ 6,50-ի:

Հիշեցնենք, որ Ալբանիա – Հայաստան ընկերական խաղը կմեկնակի Երևանի ժամանակով 20:30-ին: