Բացել լրահոսը Փակել լրահոսը
20221116_191542
A A
Մշակույթ

Ստացվեց այնպես, որ այս տարիների ընթացքում ես երկու երաժշտական իրականությունների հեղինակ դարձա․ Տիգրան Մանսուրյան

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը կուղղվի «4090 Բարեգործական» հիմնադրամին։

Հիմնադրամը ստեղծվել է Արցախյան 44–օրյա պատերազմից հետո և նպատակն է կրթության հնարավորություն տրամադրել 2016 և 2022 թվականների պատերազմի մասնակիցներին։

«Սա մեր ամփոփիչ ու ամենասպասված միջոցառումն է, որը ևս մեկ հնարավորություն է հանրության անմիջական մասնակցությամբ ապահովել մեր շահառուների կրթավճարի մի մասը և վայելել մեր մաեստրոյի անզուգական երաժշտությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ»,– նշեց հիմնադրամի Գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

Համերգին հնչեց Տիգրան Մանսուրյանի կինոյի համար հեղինակած երաժշտությունը Միջոցառմանը ներկա էր մաեստրոն, որի հետ զրուցեցինք։

«Աստվածահաճո գործ է սա, որովհետև մեր վաղվա օրվան է ուղղված, մեր երիտասարդների ապագային։ Թող իրականանա այդ երիտասարդների ընտրած ճանապարհի վերելքը, անկախ որ մասնագիտության մեջ կլինեն»,– ասաց պարոն Մանսուրյանը։

Դահլիճը լեփ–լեցուն է և սա նաև Ձեր շնորհիվ մաեստրո, քանի որ մեծաթիվ երկրպագուներ ունեք, մարդիկ սիրում են ձեր ստեղծագործությունները, հատկապես կինոերաժշտությունը, իսկ Ձեզ համար, հատկապես, ո՞ր ֆիլմի համար հեղինակած երաժշտությունն է ավելի սիրված, հարցին՝ Տիգրան Մանսուրյանը պատասխանեց իրեն բնորոշ ժպիտով։

«Գիտեք, նման ուշադրության կենտրոնում գտնվելը միայն ուրախություն չէ, նաև պատասխանատվություն է, այնպես որ ես աշխատում եմ ճիշտ կետում գտնվել։ Ինչ վերաբերում է կինոյի համար գրված երաժշտությանը՝ ավելի, կամ պակաս սիրված չունեմ։ Ես ոչ թե երաժշտությունը, այլ հենց ֆիլմերն եմ սիրում, ու կառանձնացնեի Փարաջանովի «Նռան գույնը» և Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ու «Կտոր մը երկինքը»։ Բայց, հատկապես Փարաջանովի «Նռան գույնը»»։

Մի հարցազրույցի ժամանակ Մաեսրոն նշել էր, որ կինոյի համար երաժշտությունը ավելի շատ ապրուստի միջոց էր ու կարևորում է կամերային ու սիմֆոնիկ կտավի իր գործերը․ մեր հիշեցմանը՝ Տիգրան Մանսուրյանը պատասխանեց․

«Ստացվեց այնպես, որ այս տարիների ընթացքում, ես երկու երաժշտական իրականությունների հեղինակ դարձա։ Մեկն այն, որ կինոյին տվեցի քսանհինգ տարի և մեկն էլ այն, որ գրեցի երաժշտություն, որ առավելաբար հնչում է արևմուտքում։ Ես այս կյանքն ապրեցի։ Առաջ ունեի վերաբերմունք դատողություններ անելու, արժեվորելու  վատն ու լավը։ Հիմա ապրված կյանք է, ու տարիքի հետ այլ ձևով ես սկսում մեկնաբանել։ Հիմա ասում եմ․ այսպես եղավ, Փառք Աստծո, թող շարունակվի կյանքս, ես էլ՝ աշխատեմ»։