A
A
ՄԻ Պաշտպանը կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապօրինի սահմանափակել են իր պաշտպանյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը և խնդրել է աջակցել հաղորդակցության իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում: Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պահին անձը եղել է կալանավորված: Փաստաբանի տեղեկացմամբ՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, քննիչի կողմից կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությամբ՝ մեղադրյալի այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ հարց (միջնորդություն) չի ներկայացվել դատարան, ուստի դատարանը չի անդրադարձել այդ հանգամանքին և մեղադրյալի` այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ որոշում չի կայացվել:
Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից և ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Ստացված պարզաբանումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների հաշվառմամբ և նկատի ունենալով ներպետական ու միջազգային իրավական ակտերի պահանջները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն մեկ դեպքում և այդ իրավունքի սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել միայն մեկ պարագայում, եթե այն սահմանափակվել է կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի համապատասխան որոշմամբ, և եթե փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը, ներառյալ ժամկետին և անձանց շրջանակին վերաբերող պայմանները:
Ըստ այդմ, Պաշտպանն արձանագրել է, որ անընդունելի և ապօրինի է Քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը առանց օրենքով սահմանված հիմքի՝ դատարանի որոշման:
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ նախքան մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելը, հիմնարկը պարտավոր էր հավաստիանալ, որ առկա է դատարանի որոշում՝ խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու և այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ: Այսպիսով, Քրեակատարողական հիմնարկը, չունենալով համապատասխան որոշում, չէր կարող կամայականորեն սահմանափակել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը:
Պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման փաստը և իրավասու մարմիններին՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, Քրեակատարողական ծառայությանն ու Գլխավոր դատախազությանն, առաջարկել.
Մարդու իրավունքների Պաշտպանի գրասենյակ